
Հոկտեմբերի 17-ին աշխարհը նշում է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը։ Օրվա խորհրդին համահունչ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը միացավ տոնական նախաձեռնություններին՝ կազմակերպելով հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական ու ինտերակտիվ միջոցառումների հարուստ ծրագիր:
Միջոցառումների շարքը նպատակ ուներ փոքրիկ ընթերցողների շրջանում արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ ավանդական արհեստներից ու ծիսական երգերից մինչև ազգային նվագարաններ և թատերական արվեստ:
Ստվերային թատրոն․ ծագումը, պատմությունն ու «Անձնվեր ծառը» ներկայացումը
«Ստվերների տիկնիկային թատրոն․ ծագումը, պատմությունը» դաս-պարապմունքի ընթացքում մասնակիցները ծանոթացան ստվերային թատրոնի ծագմանն ու զարգացման ընթացքին: Երեխաները լսեցին Պլատոնի քարանձավի հետաքրքիր պատմությունը և բացահայտեցին տարբեր ժողովուրդների ստվերային թատրոնի առանձնահատկությունները:
Ցուցադրված ծավալուն սահիկաշարի միջոցով աշակերտները տեսան չինական, ռուսական, հնդկական և արևելյան տիկնիկների տեսակները, իմացան կարագյոզների մասին: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց հայկական ստվերային թատրոնի ձևավորմանը, մասնավորապես՝ դեռևս 17-րդ դարից գործող «Այրոգի» հայկական ստվերային թատրոնին, ինչպես նաև ստվերային թատրոնի կիրառությանը ժամանակակից արվեստում:
Դաս-պարապմունքի գործնական հատվածում մասնակիցները դիտեցին գրադարանի ընթերցողների պատրաստած «Անձնվեր ծառը» ստվերային ներկայացումը, որից հետո սովորեցին, թե ինչպես կարելի է ինքնուրույն պատրաստել ստվերային թատրոն:
Հայկական ասեղնագործության ցուցահանդես-տեսություն
Օրվա շրջանակում գրադարանում ներկայացվեց «Հայկական ասեղնագործությունը, նրա կիրառումն ու տարածումը» խորագրով ցուցահանդես-տեսությունը:
Մասնակիցները ծանոթացան հայկական ասեղնագործության առանձնահատկություններին, մշակութային արժեքին ու ավանդույթներին: Ներկաները հետաքրքիր տեղեկատվություն ստացան Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ ասեղնագործության ոճերի մասին և մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված բացառիկ նմուշները: Հանդիպման ընթացքում ընթերցվեց նաև ասեղի և թելի մասին պատմվածք՝ ընդգծելով ասեղնագործության նշանակությունն ու հատուկ տեղը հայկական մշակույթում:
Ծիսական երգի ուսուցում․ «Գացեք, տեսեք»
Մշակութային ծրագրի շրջանակում երեխաները ծանոթացան հայկական ավանդական ծիսական երգերից մեկին՝ «Գացեք, տեսեք»-ին:
Երգը պատմում է գյուղական կյանքի և կենդանիների մասին, բաղկացած է 12 քառյակից և անդրադառնում է տարվա եղանակների հերթափոխին: Հարց ու պատասխանի ձևով կառուցված լինելու շնորհիվ երգի ուսուցման գործընթացը դարձավ ավելի դյուրին, հետաքրքիր և մատչելի՝ ապահովելով երեխաների ակտիվ ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում մասնակիցները սովորեցին երգի բովանդակությունն ու միասին երգեցին՝ հաղորդակից դառնալով հայկական ժողովրդական երգարվեստին:
Ազգային երաժշտական գործիքներ և կենդանի կատարումներ
«Ազգային երաժշտական գործիքներ․ թառ, դուդուկ, քանոն, պարկապզուկ» դաս-պարապմունքի ընթացքում երեխաները ծանոթացան հայկական երաժշտական ժառանգության արժեքավոր նմուշներին:
Միջոցառման սկզբում ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը, ապա խոսվեց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին: Մասնակիցները ծանոթացան դուդուկին, պարկապզուկին, քամանչային, թառին, քանոնին և դհոլին, լսեցին այդ գործիքների մասին պատմող ավանդազրույցներն ու լեգենդները:
Հանդիպումն անցավ ջերմ երաժշտական մթնոլորտում․ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած երաժիշտները հանդես եկան կենդանի կատարումներով՝ հնչեցնելով հայկական հանրահայտ մեղեդիներ ազգային նվագարանների համադրությամբ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված տոնական այս օրը փոքրիկ ընթերցողներին պարգևեց անմոռանալի տպավորություններ՝ նպաստելով ազգային մշակութային արժեքների ճանաչմանը, արժևորմանն ու պահպանմանը:





