Պատմություն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իրականացնում է գրադարանագիտական, տեղեկատու-մատենագիտական, մեթոդական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն: Հիմնադրվել է 1933թ.-ին: 1935թ.-ից կրում է մանկագիր Խնկո Ապոր անունը: 1962թ.-ից, ստանալով հանրապետականի կարգավիճակ, դարձել է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը: 1980թ.-ից գործում է գրադարանի համար նախագծված նոր շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)՝ Տերյան 42/1 հասցեում: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես ազգային մանկական գրադարան:


Ավելի քան 85 տարի գրադարանը ՀՀ-ում ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում և գործում հիմնական գործառույթներին համապատասխան: Որպես ազգային նշանակության գիտական գրադարան՝ նպաստում է հանրապետությունում գրադարանային գործի զարգացմանը, գրադարանագիտության առաջընթացին, մշտապես կատարելագործում է աշխատանքային մեթոդները՝ ձգտելով համապատասխանել միջազգային չափանիշներին: Կազմակերպում է գիտագործնական խորհրդակցություններ, սեմինարներ, որակավորման դասընթացներ, գիտաժողովներ: Որպես մանկապատանեկան գրքի ազգային պահոց՝ հավաքում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում հայատառ տպագիր արտադրանքի առավել լիակատար հավաքածու:
Գործունեությունն իրականացվում է սպասարկման սրահների (ըստ տարիքային և բաժնային շերտավորման) և գիտական բաժինների միջոցով: Առ 01.01.2024թ. հավաքածուն կազմում է 544282 պահպանության միավոր՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ (հայերեն, ռուսերեն և 58 օտար լեզվով): Սպասարկում է 3-18 տարեկան օգտվողների՝ մանուկների, պատանիների, ուսանողների, մանկապատանեկան գրականության ընթերցանությունը կազմակերպողների (գրադարանավար, մանկավարժ) և ծնողների : Սպասարկումն իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային խմբերի շերտավորված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով: Ընթերցասրահը՝ 100 ընթերցողական տեղով, սպասարկում է տարբեր տարիքային խմբերի: Այստեղ կարելի է օգտվել օրվա մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հարուստ հավաքածուից, արվեստի և գիտության բազմաճյուղ գրականությունից, ամսագրերից, ալբոմներից: Ձայնադարանում խմբային կամ անհատական եղանակով կարելի է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն: Փոքրիկ ընթերցողներին հյուրընկալում է հեքիաթի սրահը: Գործում են խմբակներ և ստուդիաներ՝ նկարչական ստուդիան, «Արփի» ասմունքի և թատերական, ճապոնական օրիգամիի խմբակները«Փաթիլ» տիկնիկային թատրոնը:

Գրադարանային հավաքածուից տարվա ընթացքում օգտվում է շուրջ 19.000 ընթերցող, սպասարկվում է մոտ 500.000 միավոր գրականություն: 1963թ.-ից գրադարանն իրականացնում է հրատարակչական աշխատանքներ. հրատարակվել է բազմաբովանդակ մասնագիտական գրականություն՝ մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» օրացույցը, ալբոմներ, ամսագրեր: 1991թ.-ին գրադարանի համակարգչային բաժինը հանրապետությունում առաջինն է կազմակերպել համակարգչային գրագիտության դասընթացներ: 2004թ.-ից միացել է Հայաստանի գրադարանային միացյալ ավտոմատացման ցանցի ձևավորման աշխատանքներին. «Aleph» ծրագրով կատարվում է հայատառ և ռուսատառ գրականության մուտքագրում, իսկ 2014թ. ստեղծված էլեկտրոնային տվյալների շտեմարանը կիրառվում է ընթերցողների սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով: Գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի սպասարկման բաժնում իրականացվում է տեղեկությունների որոնում համացանցի ռեսուրսներում և խորհրդատվություն: 2000թ.-ից հանդիսանում է IEARN միջազգային հեռահաղորդակցական կրթամշակութային ծրագրի կոորդինատորը Հայաստանում, և այդ, ինչպես նաև երեխաների քաղաքացիական դաստիարակության միջազգային DEEP ծրագրի շրջանակում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սեմինարներ, գիտաժողովներ, էլեկտրոնային ֆորումներ, հանդիպումներ մանկավարժների և աշակերտների հետ:

Կազմակերպվում են բազմաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, տեսություններ, պոեզիայի ժամեր, մրցույթներ, վիկտորինաներ, խոշոր հանդիսություններ և տոնակատարություններ, գրքի տոնավաճառներ, «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը: Ավանդաբար նշվում են Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, Ազգային գրադարանային շաբաթը, Գրադարանավարի օրը, Մանկական գրքի միջազգային օրը, Գիտելիքի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում են օտարալեզու գրականության և մշակույթի տասնօրյակներ, միամսյակներ: 2006թ.-ից գրադարանում գործում է «Իրանական ընթերցասրահ»-ը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: 1997-2011թթ. Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանում գործել է «Գերմանական ընթերցասրահ»-ը՝ գերմանալեզու հարուստ հավաքածուով: 1991թ.-ից գրադարանը համագործակցում է ԱՄՆ կոնգրեսի, Իրանի ազգային, Ռուսաստանի մանկական, Լեհաստանի ազգային, Շտուտգարդի քաղաքային, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Բելառուսի ազգային գրադարանների, Կրասնոդարի մարզի պատանեկան և այլ գրադարանների հետ, իրականացնում է գրքափոխանակություն: Համագործակցում է ՀՀ-ում գործող դեսպանատների, բազմաթիվ տեղական և միջազգային մանկապատանեկան կազմակերպությունների և գրադարանների հետ, իրականացնում միասնական ծրագրեր: Սերտ կապեր ունի սփյուռքի մտավորականության հետ: Գրադարանն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին (IBBY), Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային (IAML), Գրադարանների միջազգային ասոցիացիային (IFLA). պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:

Հրատարակություններ

Հրատարակչական աշխատանքներ իրականացվում են 1963թ.-ից: Տարիներ շարունակ գրադարանի կողմից կազմվել և հրատարակվել է բազմաբովանդակ մասնագիտական գրականություն. մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, օրացույցներ, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» ամենամյա մեթոդ-մատենագիտական հանձնարարականը, ալբոմներ, ամսագրեր, այլ մասնագիտական նյութեր: Տարեկան տպագրվում է մի քանի անուն մատենագիտական նյութ, թեմատիկ հանձնարարական, ուսումնամեթոդական ձեռնարկ:
Մինչ օրս կազմվել է հետևյալ մանկական գրականության մատենագիտությունը.
Հայ մանկական գրականության մատենագիտություն՝ 9 պրակով /1920-1945; 1946-1972; 1973-1982; 1983-1987; 1988-1992, 1993-1997,1998-2002/
Մանկական թարգմանական գրականության մատենագիտություն՝ 2 պրակով /1920-1972; 1973-1982/:
Մանկական պարբերական մամուլը ներկայացվել է «Հասկեր», «Աղբյուր», «Պիոներ», «Ծիծեռնակ» մանկական հանդեսների մատենագիտություններով: «Ընթերցողների ուսումնասիրումը մանկական գրադարանում», «Գեղագիտական աշխատանքը մանկական գրադարանում», «Մանկապատանեկան ընթերցանության հիմնախնդիրները», «Երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպումը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում» խորագրերով ներկայացվել են ընթերցանության խնդիրները: Կազմվել է հայ դասական և ժամանակակից մանկագիրների և կոմպոզիտորների կենսամատենագիտություն.
* Աթաբեկ Խնկոյան * Հայրապետ Հայրապետյան * Ղազարոս Աղայան * Վիկտոր Վարդանյան * Վազգեն Տալյան * Սուրեն Մուրադյան * Գուրգեն Գաբրիելյան * Էդուարդ Ավագյան * Գեղունի Չթչյան * Աշոտ Տեր-Գրիգորյան * Մկրտիչ Կորյուն * Սիլվա Կապուտիկյան * Հենրիկ Սևան * Խաժակ Գյուլնազարյան * Լիպարիտ Սարգսյան * Արեգ Լուսինյան * Արաքս * Կամսար Ավետիսյան * Մաթևոս Դարբինյան * Անահիտ Սեկոյան * Լուսիկ Բառնակյան * Սողոմոն Մկրտչյան * Հակոբ Աղաբաբ * Յուրի Սահակյան…
Հրատարակվել են «Գրողները մանուկներին» և «Ճանապարհորդություն գեղեցիկի աշխարհում» անոտագրված տեղեկատու-մատենագիտական ցանկերի մատենաշարերը, «Գարնան շողեր» ժողովածուն /3 պրակ` 1986; 1990; 2002/, որում ամփոփված են գրադարանի շնորհալի ընթերցողների ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, նկարներ: Գրադարանի ձեռնարկումներից են նաև «Ճոճանակ» մանկական գունազարդ ամսագրի և ցանցային ռեսուրսների օգտագործման միջոցով միջազգային կրթության ու դաստիարակության խնդիրների իրականացման արդյունքներն ամփոփող iEARN in Armenia – 2002, DEEP/ iEARN in Armenia – 2003, iEARN in Armenia – 2004 հրատարակությունները:

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել