
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Կոտայքի մարզի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան գրադարանային ֆոնդի համալրման և մշակման գործընթացներին, գրականության գրանցման ու հաշվառման կարգին, գրացուցակների կազմակերպմանը, ինչպես նաև գրադարանի էլեկտրոնային տեղեկատվական աշխատանքներին։
Բանախոսների հետ քննարկեցին ընթերցողների սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, դպրոցական գրադարանների և ուսուցչական կազմի համագործակցությունը, ֆոնդի դասավորման ձևերը, թվային գրադարանների զարգացումը և սոցիալական ցանցերի կիրառումը։
Կարևորվեց նաև փորձի փոխանակումը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանի ղեկավարի հետ, ինչպես նաև գործնական աշխատանքները՝ ընթերցանությունը խթանող կրթամշակութային ծրագրերի նախագծման ուղղությամբ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ունեցան հարց ու պատասխաններ, ինտերակտիվ քննարկումներ, աշխատանքային նոր հորիզոններ բացող ծանոթություններ։ Գրադարանավարները ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ, որոնք աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։





