Շարունակվում է «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով վերապատրաստման դասընթացը
08.09.2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում IBBY Armenia մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ անցկացվող «Գրքերի ապահով աշխարհում» եռօրյա վերապատրաստման դասընթացի երկրորդ օրը մասնակիցները շարունակեցին քննարկել գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով, աջակցող միջավայր ստեղծելու հնարավորությունները։
Դասընթացավար Էլլա Բերթաուդի հետ գրադարանավարները քննարկեցին «Գիրքը կյանքի հուզական ճանապարհին» թեման՝ խոսելով այն ամենի մասին, ինչը ուղեկցում է մարդուն իր կյանքի տարբեր փուլերում։
Գործնական աշխատանքի ընթացքում մասնակիցները կիսվեցին փոքր խմբերի և պատմեցին իրենց համար կարևոր դեր ունեցող առարկաների և դրանց հետ կապված պատմությունների մասին։
Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են առարկաներն ու գրքերը կրել հիշողություն, առաջացնել հույզեր և դառնալ կարևոր ուղեկից տարբեր իրավիճակներում։
Մասնակիցները քննարկեցին, թե տարբեր իրավիճակներում գտնվող երեխաների համար որ գրքերը կարող են լինել համապատասխան և աջակցող։
Էլլա Բերթաուդը կարևորեց նաև երեխային ճանաչելու և նրա կարիքները հասկանալու անհրաժեշտությունը՝ նախքան նրան որևէ գիրք առաջարկելը։
Ինչպես նշեց դասընթացավարը, վշտի և կորստի իրավիճակում գտնվող երեխան կարող է ոչ թե այդ թեմայի մասին գիրք ցանկանալ, այլ ընտրել բոլորովին այլ բովանդակությամբ պատմություն։ Այդ պատճառով գրքային խորհրդատվությունը պետք է հիմնված լինի ոչ միայն երեխայի հուզական և հոգեբանական վիճակի ճանաչման վրա։
Դասընթացի ընթացքում անդրադարձ եղավ նաև ինքնաճանաչման կարևորությանը, գրքերի միջոցով տարբեր հուզական վիճակների ուսումնասիրմանն ու երեխաների հետ աշխատանքի ընթացքում ճիշտ գրականություն ընտրելու սկզբունքներին։
Մասնակիցները կազմեցին ընթերցանության ցանկեր, ապա գործնական աշխատանքի ընթացքում իրականացրին նաև գրքային խորհրդատվություն՝ քննարկելով տարբեր իրավիճակներ և փորձելով որոշել, թե տվյալ դեպքում ինչպիսի գիրք է նպատակահարմար առաջարկել երեխային։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան