
«Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով անցկացվող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող պետական կառույցների ներկայացուցիչների, ոլորտի ներկայացուցիչների և Երևանի տարբեր դպրոցների գրադարանավարների մասնակցությամբ։
Քննարկման սկզբում Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը ներկայացրել է դպրոցական գրադարաններում առկա այն խնդիրները, որոնք արձանագրվել են մոնիթորինգի արդյունքում։ Այնուհետև պետական կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են խնդիրներին, որոնց թվում են՝ գրքերի համալրման անհրաժեշտությունը, գրադարանային տեխնիկայի բացակայությունը, արդիական գրականության պակասը, մաշված գրքերի դուրսգրման կարիքը, գրադարանավարների վերապատրաստման կազմակերպումը և այլ հարցեր։
Այնուհետև լսել են գրադարանավարներին, համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները և ներկայացրել իրենց տեսլականը՝ առավել պատրաստված գրադարանավարներ և նորարար գրադարաններ ունենալու համար։
Կլոր սեղան-քննարկումն անցել է հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում։





