Նունե Սարգսյանի «Զմրուխտյա մկրատը» հեքիաթի մասին

18.08.2022

Բարությունը վարակիչ է, և բարության անգամ ամենափոքր ակտը կարող է անշրջելիորեն փոխել ամենաչար մարդուն։ Հենց բարու և չարի հակադրության մասին է պատմում Նունե Սարգսյանի «Զմրուխտյա մկրատը» գիրքը, որը փոքրիկ ընթերցասերների կողմից անչափ սիրված «Կախարդական կոճակները» գրքի շարունակությունն է։

 «Զմրուխտյա մկրատը» գրքի գլխավոր հերոսուհին՝ 12-ամյա Սադափ Դարզին, Երկիր մոլորակի ապագայով մտահոգ, ազնիվ ու ճշմարտախոս դպրոցական է։ Նրա սովորական առօրյան մեկ ակնթարթում փոխվում է, երբ կախարդների քաղաքի՝ Ապակեբուրգի բնակիչները նրան հայտնում են Երկրին սպառնացող նոր վտանգի մասին։ Քաջ ու բանիմաց Սադափը Երկիր մոլորակն ու մարդկանց պաշտպանելու նպատակով հայտնվում է Լուսնի վրա, կարողանում է հաղթել Լուսնի թագուհու ռոբոտների բանակին, վերականգնել Ապակեբուրգի անդորրը և փրկել Երկրի բնակիչներին չարագործներից։

Նունե Սարգսյանն իրենց բնորոշ պարզ և հասկանալի գրչի միջոցով ցույց է տալիս երեխաներին, թե որքան անընդունելի և դատապարտելի են մարդկային ագահությունն ու կույր չարությունը, թե որքան վարակիչ կարող են լինել սերն ու բարությունը, որոնք ունակ են վերափոխելու անգամ ամենասարսափելի չարագործին։ Միևնույն ժամանակ, հեղինակը հատուկ շեշտադրում է կրթության կարևորությունը, ցույց տալիս գիտելիքի ուժը և յուրօրինակ կերպով ներկայացնում, թե գիտելիքներով զինված մարդն ինչպիսի հերոսություններ կարող է անել։ Հետաքրքիր այս պատմությունը ընդլայնում է մանկան երևակայության սահմաններն ու թույլ տալիս մտածել, որ կգա մի օր, երբ դեպի Լուսին կամ այլ մոլորակներ, օրինակ՝ Մարս մարդու կողմից թռիչքներն ու բնակեցումը կդառնան շատ սովորական երևույթներ։

Գրքում հեղինակը կարևոր անդրադարձ է կատարում նաև այն հարցին, որ բոլոր երեխաները, անկախ տեսքից կամ մտավոր և ֆիզիկական ունակություններից, յուրահատուկ են, գիտակից ու խելացի, տաղանդավոր և նույնիսկ «ավելի արթուն մտքով, քան շատ մեծահասակներ»՝ ունակ փոխելու աշխարհն ու այն դարձնելու ավելի լավը։

Սադափի ու նրա ընկերների հետաքրքրաշարժ, միևնույն ժամանակ ուսուցողական այս պատմությունը գրավում է առաջին իսկ էջերից, իսկ գրքի գունավոր ու հետաքրքիր նկարազարդումները՝ փոքրիկ ընթերցասերներին տեղափոխում կախարդների ու հրաշագործների հեքիաթային մի աշխարհ։

Արաքս Կասյան

«Արմենպրես» լրատվական գործակալության փոխտնօրեն

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել