
Մարտի 29-ին «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագիրը կրող ծրագիրը պաշտոնական բացմամբ իրականացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Աչաջուրի մշակույթի տանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ընթերցանության անկյան պաշտոնական բացման արարողություն: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, ծրագրի շրջանակում, Աչաջուրի գրադարանին է նվիրաբերել շուրջ 200 նորատիպ գիրք:
Միջոցառման ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրադարանավարները դպրոցահասակ երեխաներին ներկայացրել են հեքիաթապատումներ, զրուցել գրքի, գրականության, մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին։ Երեխաները կիսվել են իրենց դիտարկումներով, տեղեկություններով և ընթերցած գրքերի մասին իրենց կարծիքներով:
Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով ներկաներին ողջունել են Աչաջուրի մշակույթի տան սաները:
Երկամսյա ճամբարի ընթացքում նախատեսվում է իրականացնել «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը, որը կներառի տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորությունն ընդգծող միջոցառումներ, վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ ու թեմատիկ քննարկումներ: