
Սեպտեմբերի 16-ից-19- ին Հայկական գրադարանային ասոցիացիայի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ կազմակերպած գրադարանավարների քառօրյա դասընթացն ավարտվել է:
«Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով դասընթացի մասնակիցներն էին 100 գրադարանավարներ Երեւանից եւ մարզերից, իսկ դասընթացը վարել են ոլորտի փորձառու մասնագետներ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն Պորտուգալիայից և դոկտոր Հաննա Ֆոգտը Գերմանիայից։
Դասընթացին բացման խոսքով հանդես է եկել Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Նա խոսել է կրթության և շարունակական մասնագիտական զարգացման կարևորության մասին, ընդգծել գրադարանների՝ համայնքային կարևոր կենտրոններ դառնալու անհրաժեշտությունը:
Ծրագրի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով կարևորել է ԿԳՄՍՆ համագործակցությունը Հայկական գրադարանային ասոցիացիայի և Միջազգային գրադարանային ասոցիացիայի հետ, որը միտված է միջազգային փորձի դիտարկմանը, փոխառմանը և կիրառմանը:
Դասընթացի անցկացման նպատակն էր զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Դասընթաքցը ևս մեկ անգամ ամրապնդել է գրադարանային ոլորտի ներկայացուցիչների գիտելիքները, նպաստել միջազգային համագործակցության խթանմանն ու զարգացմանը, հասանելի դարձրել միջազգային փորձն ու նորարարական ծրագրերը:
Դասընթացը գրադարանավարներին տվել է կարևոր և օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն գրադարանների վերափոխմանը:
Վերապատրաստման վերջում մասնակիցները ստացել են վկայական:
Քառօրյա հագեցած և արդյունավետ աշխատանքային օրերի շրջանակում, հայկական կողմը արտերկրյա գործընկերներին ծանոթացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությանը։







