Երեխաները ծանոթացել են Բարեկենդան տոնի խորհուրդին և ավանդույթներին

10.02.2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 9-ին պատմաբան, ուսուցիչ Արմեն Ղուկասյանը դպրոցականների համար հանդես է եկել Բարեկենդանի և Մեծ Պահքի վերաբերյալ դասախոսությամբ:

Հայ Առաքելական եկեղեցին առաջիկա կիրակի օրը կնշի Բուն Բարեկենդանը։ Պատմաբան, ուսուցիչ Արմեն Ղուկասյանը դպրոցականներին ներկայացրել է Բուն Բարեկենդան տոնի խորհուրդը, ինչպես էր նշվում տոնը նախկինում, ինչ ավանդույթներ են հասել մինչև մեր օրերը, ինչպես պատրաստվել Բարեկենդանին:

Բանախոսն անդրադարձ է կատարել նաև Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթին, այս պատմության չարաճճի այն կատակին՝ թե Բարեկենդանը մարդ է և գալու է եղ ու բրինձը վերցնելու: Նա հետաքրքիր զուգահեռներ անցկացնելով մեկնաբանել է Բարեկենդանի իմաստը՝ նշելով, որ տոնը համեմված է հումորով, խաղերով, կերպարանափոխություններով ու նմանակումներով։ Իսկ Ուտիս տատի և Ակլատիզ պապի կերպարներով տիկնիկները հենց այդ հումորի խտացումներն են:


Դպրոցականներին ներկայացվել է Հայաստանի տարբեր նահանգներում և շրջաններում Բարեկենդանի նշման առանձնահատկությունները, որոնց առանցքում ամենուր խաղերն ու հումորն էր․ «Օրինակ մի տեղ գետնից երկու մետր բարձր ճոճ էին կապում ու ճոճվում: Նանին նստեցրել են, գրկին քար դրել ու պտտել: Քարը որ հարսի ուղղությամբ ընկնում էր, նանը պետք էր այդ հարսին ինչ որ մի նվեր աներ։ Մեծերը փոքրի հագուստ էին կրում, փոքրերը՝ մեծերի, կանայք՝ տղամարդու, իսկ տղամարդիկ կանացի հագուստ էին հագնում և գնում խնամախոսության մի էնպիսի ընտանիք, որտեղ իրականում չամուսնացած աղջիկ չկար: Այս ամենն արվում էր հումորի նպատակով։ Բարեկենդանը տևել է երկու շաբաթ: Սա մի երկարատև նախապատրաստություն էր Մեծ պահքին»։


Պատմաբանը ներկայացրել է նաև Բարեկենդանի տոնին պատրաստվող ավանդական ուտեստները, դրանց նշանակությունը, մատուցման և հյուրասիրության կարևորությունը։
Քանի որ, այս տոնին հատուկ են ուրախությունը, այցելությունները, թատերական ներկայացումները, երգն ու պարը, Արմեն Ղուկասյանը երեխաներին խորհուրդ է տվել պահել Բարեկենդանի խորհուրդը՝ խաղեր կազմակերպել, կերպարանափոխվել, հումորային ներկայացումներ բեմադրել:


Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել