Հոկտեմբերի 1-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Իմ մասնագիտությունը» խորագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Նաիրա Նալբանդյանի հետ՝ նվիրված Զբոսաշրջության միջազգային օրվան։
Հանդիպումը հնարավորություն տվեց երեխաներին բացահայտել զբոսաշրջության հետաքրքիր աշխարհը՝ ծանոթանալով արտագնա և ներգնա տուրիզմի, ագրոտուրիզմի, գյուղական տուրիզմի և տուրիզմի այլ ճյուղերի առանձնահատկություններին։
Նաիրա Նալբանդյանը երեխաների հետ խոսեց նաև Հայաստանի մշակութային արժեքների, պատմամշակութային ժառանգության և մեր երկրի տեսարժան վայրերի մասին, ներկայացրեց զբոսաշրջության ոլորտը մասնագիտական և շատ հետաքրքիր տեսանկյունից։
Հանդիպումն ուղեկցվեց հետաքրքիր քննարկումներով, հարց-պատասխանով, ինչպես նաև ինտերակտիվ վիկտորինայով։ «Աշխարհը գրքի միջոցով» խաղի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստուգելու իրենց գիտելիքները տարբեր տեսարժան վայրերի մասին։





