Ապրիլի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում գրող, լրագրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի հետ: Քննարկման թեման Աղաբաբյանի «Ռեզիդենտը» և «Թակարդ» փաստագրական վեպերն էին, որոնք բացահայտում են ԽՍՀՄ հետախույզ Հայկ Հովակիմյանի և մեր օրերում ապրող հետախույզ Ջոն Հանիսյանի կերպարները: Հատկանշական է, որ «Թակարդ»-ի ստեղծման համար հիմք է հանդիսացել «Ռեզիդենտը», որն ընթերցելուց հետո Ջոն Հանիսյանը հեղինակի հետ ծանոթանալու ուղիներ է փնտրել: Քննարկման մասնակիցների հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը պատմեց, որ հանդիպումը նրա հետ ճակատագրական էր: Դրանից հետո ուղիղ չորս տարի պահանջվեց համոզելու համար Հանիսյանին դառնալու իր նոր վեպի հերոսը: Արձագանքելով ներկաների հարցին, թե հետախույզների մասին այլ տեղեկություններ կարող են գտնել՝ Աղաբաբյանն ասաց, որ իր հերոսների մասին գրվում է առաջին անգամ, իսկ աղբյուրները արխիվի տվյալներն են: Գրողը պատմեց, որ իր աշխատանքում ամենից շատ ժամանակ է խլում նյութերի հավաքագրումն ու փաստաթղթերի ուսումնասիրությունը: Հանդիպման ավարտին գրողը «Թակարդի» նոր հրատարակությունից մի օրինակ նվիրաբերեց գրադարանին:
Այս տարի լրանում է միջնադարյան հոգևորական, աստվածաբան Գրիգոր Նարեկացու հեղինակած «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուի ստեղծման 1020-ամյակը: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում ապրիլի 20-ին գրադարանում կազմակերպված ցերեկույթի թեման աղոթագիրքն ու Նարեկացու հետ պատահած դեպքերն էին: Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ցերեկույթի նպատակը նրա ու ստեղծագործության վերաբերյալ առկա այդ սակավաթիվ տեղեկությունների մատուցումն էր, որոնց մեջ առանձնացվել էին Նարեկացու կյանքում տեղի ունեցած հրաշագործությունները: Ցերեկույթի հյուրերը լսեցին նաև 20-րդ դարի գրողների մտքերը նվիրված Նարեկացուն, նրա մասին ասույթները: Անցում կատարելով աղոթագրքին՝ ներկայացվեց դրա ստեղծման, այնուհետ՝ գրքի մեծ ժողովրդականություն վայելելու ու հրաշագործ լինելու պատմությունը: Միջոցառման ընթացքում հաջողվեց ներկաներին փոխանցել գրքի շունչն ու առեղծվածայնությունը՝ պատմությունների ներկայացումը զուգորդելով Մատյանից հատվածների ընթերցումով:
Շարունակվում են Ազգային գրադարանային շաբաթվան նվիրված միջոցառումները
21.04.2022
Կարդացեք Նաև
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ
Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը
Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը
Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր
Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից
Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը