Տավուշի և Սյունիքի մարզերի մարզային ու համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ 2023թ. հուլիսին վերապատրաստման դասընթացների կմասնակցեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Այն կրում է տեսական և գործնական երկօրյա հանդիպումների ձևաչափը, որը կընթանա առցանց և առկա եղանակներով:
Հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները գրադարանավարներին կփոխանցեն նոր գիտելիքներ գրադարանային գործի ամենատարբեր գործառույթների վերաբերյալ, գրադարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպման փորձով կկիսվեն, պետական կառույցների հետ համագործակցելու գործնական հմտություններ կփոխանցեն:
Գրադարանավարները կտեղեկանան ընթերցանության խթանմանը նպաստող ծրագրեր իրականացնելու հնարքներին, զանգվածային միջոցառումների կազմակերպման առանձնահատկություններին:
Գրադարանավարների վերապատրաստման այս ծրագրի նպատակը մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման ապահովումն է:
Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները վկայականներ կստանան: