Յուրօրինակ մտածողություն, վառ երևակայություն, միշտ պայծառ միտք. խիստ համառոտ այսպես կարելի է նկարագրել «Երեք վիշապ» գրքի հեղինակ, մանկագիր Նունե Սարգսյանին: «Երեք վիշապ»-ը նրա գրքերից մեկն է, ավելի ճիշտ՝ նրա ինքնատիպության վկայություններից ևս մեկը: Այն հեքիաթ է, սակայն հեքիաթ է առերևույթ, որովհետև ընթերցելուց հետո այնպիսի զգացողություն ես ունենում, որ դու այդ ամենն ինչ-որ կերպ տեսել ես: Հենց դա է գրողի վարպետություն ասվածը, որն ընթերցողին ոչ սովորական ճանապարհով տանում է դեպի այն իրականությունը, որը կախարդական է, բայց և՝ առօրեական:
Նունե Սարգսյանն ունի այն կախարդական բանալին, որով կարողանում է թափանցել մանուկների հոգու խորքը՝ վերարտադրելով այնտեղ թաքնված երևակայական աշխարհը: Ընդ որում, նա դա անում է հենց երեխաների հետ, նրանց միջոցով: Այս խոսքերի վառը ապացույցը հեղինակի ստեղծած գրականությունն է, որը բազմաշերտ է և հոգեհարազատ, որը կարծես թե միայն մանուկների համար է, սակայն որը կարողանում է գրավել նաև մեծերին:
Նունե Սարգսյանի հեքիաթները ազնիվ են ու բարի, նույնիսկ եթե այն վիշապի մասին է: Դրանցում գերակշռողը բարությունն է, իսկ չարը նույնիսկ կորցնում է իր այդ էությունը:
Առանձին թեմա են գրքերի նկարազարդումները, որոնք կարծես սնվել են գրքի բովանդակության ինքնատիպությունից և դարձել խոսող ու ընթերցողին խոսեցնող պատկերներ:
«Երեք վիշապ» հեքիաթը պարզ շարադրանքով և գունագեղ պատկերներով կախարդում է հենց առաջին բառից ու հայացքից: Հեքիաթը, որ երեք վիշապ եղբայրների մասին է, վառ ապացույց է, որ իրականում չար էակներ չկան: Պարզապես իրադարձություններից, միջավայրից ելնելով՝ մարդկանց գործողությունները կարող են չար դիտարկվել: Սակայն նախանձից դրդված զգացմունքներն ի վերջո շտկվում են, երբ մարդը հասկանում է իր սխալը: Հեքիաթում կարևորվում են հենց այդ՝ սխալը հասկանալու և հարաբերությունները կարգավորելու գաղափարը, համերաշխությունը, հոգատարությունն ու միասնությունը ընտանիքում:
Ընտանիքում են ձևավորվում երեխայի անհատականությունը և բնավորությունը: Եւ Նունե Սարգսյանի գրականության ընթերցանությունը մշակույթ է ձևավորվում ընտանիքում երեխայի ճիշտ դաստիարակության համար:
Ընթերցանության՝ որպես դաստիարակչական մեթոդի գրավչությունն ակնհայտ է դառնում նաև Նունե Սարգսյանի կախարդական ստեղծագործությունների շնորհիվ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այդ մեթոդի և այն կիրառելու ջերմեռանդ ջատագովներից է:
«Երեք վիշապ» հեքիաթն այդ մեթոդի կիրառման լավագույն և տեսանելի վկայություններից է։ Պատահական չէ, որ այն շատ սիրված է գրադարանի այցելու մանուկների կողմից, որովհետև Նունե Սարգսյանի վիշապները ոչ միայն չար չեն, այլև կարողանում են գրավել երեխաներին։
ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆ
Խնկո Ապոր անվան ազգային
մանկական գրադարանի տնօրեն