Փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2023թ. լավագույն ընթերցողների պարգևատրությամբ ազդարարվել է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը:
Ցերեկույթը մեկնարկել է գրական ժանրերի մասին թատերական ներկայացմամբ, որը բեմադրել էր գրադարանի թատերական ստուդիան/գեղ․ ղեկ․՝ Արտակ Ավետիսյան/՝ Էդուարդ Զորիկյանի սցենարի հիման վրա:
Տարվա լավագույն 12 ընթերցողներին պատվոգրերը հանձնել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Շնորհավորելով եռատոնի՝ Գիրք նվիրելու օրվա, Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի ու փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա առթիվ, Ռուզան Տոնոյանը նշել է. «Վստահ եմ, որ ընթերցանությանը ձեզ համար միայն ժամանց չէ, այլ՝ ապրելակերպ: Ընթերցողն է դառնալու վաղվա լավագույն քաղաքացին»:
Լավագույն ընթերցողները գրադարանի կողմից արժանացել են նաև խորհրդանշական նվերների։ Երեխաների համար անակնկալներ էին պատրաստել նաև «Shabeeg» հագուստի բրենդը, «Հայաստանի մշակութային հիմնադրամը» ՀԿ-ն երեխաներին դեպի Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններ ճանաչողական այց կատարելու նվեր-քարտեր է հանձնել, «Իդրամ ջունիորը»՝ ֆինանսական գրագիտության մասին խաղ ու հանրագիտարան:
Պարգևատրման արարողությանը ներկա էր Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ով նվեր էր նախատեսել երրորդ տարին անընդմեջ «Տարվա լավագույն ընթերցող» պարգևատրմանը արժանացած Աշոտ Հարությունյանի և գրադարանի 5-8-րդ դասարանցիների սպասարկման ենթաբաժնի վարիչ Գոհար Սադոյանի համար։
Գևորգ Արշակյանի մայրն իր խոսքում շեշտել է գրադարանավարների՝ ուսյալ երեխաներ կրթելու առաքելության մասին: «Գևորգս կարևորում էր գրքի տոնը: Գրքի միջոցով ունենում ենք ամենաուժեղ զենքը՝ գիտելիքը: Պիտի ունենանք այնպիսի երկիր, այնպիսի հայրենիք, որի մասին երազում էր Գևորգը», — նշել է նա՝ հավելելով, որ որպես մրցանակ ընտրել է «Կարապի լիճ» բալետի տոմսերը՝ կարևորելով մշակութային միջոցառումներին մասնակցությունը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանն ու Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանը: Վերջինս գրողների միության կողմից գրքեր է նվիրաբերել գրադարանին: