«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես է եկել Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին շաբաթվա մեկնարկի կապակցությամբ՝ Ռուզան Տոնոյանը նշել է, որ 2002 թվականից Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող ծրագրին այս տարի ևս միացել են հանրապետության մի շարք առաջատար գրադարաններ՝ իրենց առանձին ծրագրերով և միջոցառումներով։
«Շաբաթը հրաշալի հնարավորություն է ոչ միայն միջոցառումներ անցկացնելու, այլև՝ գրադարանային ոլորտի նորարարություններն ու նորությունները ներկայացնելու մասնագիտական հանրույթին։ Ուստի ձեզ ենք ներկայացնում Հայկական գրադարանային ասոցիացիայի մեկ այլ նախաձեռնություն՝ «Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսը, որը լույս է տեսնում 2023 թվականից»,- նշել է հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ Ռուզան Տոնոյանը և ներկայացրել նախաձեռնության վերաբերյալ մանրամասներ։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, հանդեսի գլխավոր խմբագիր Մայա Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է գրադարանային ոլորտի մասնագիտական ամսագրերին՝ ընդգծելով, որ առաջին ամսագիրը հրատարակվել է 1941 թվականին։ Նրա տեղեկացմամբ՝ էլեկտրոնային ձևաչափից բացի հանդեսի յուրաքանչյուր համար ունենում է տպագիր օրինակներ, որոնք պահվում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ԳԱԱ Հիմնարար գիտական և Հայաստանի ազգային գրադարաններում։ Մայա Գրիգորյանը խոսել է նաև լրատու հրապարակելու նպատակների մասին, կարևորելով այն գրադարանավարների և ոլորտի մասնագետների աշխատանքները, որոնք միջազգային կապերի և ուսումնասիրությունների արդյունքում մասնագիտական նորություններով համալրում են գրադարանային ոլորտի տեղեկատվական դաշտը։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանն էլ շնորհավորելով գրադարանային ոլորտի աշխատակիցներին մասնագիտական շաբաթի առթիվ՝ հորդորել է գործուն մասնակցություն ունենալ հանդեսում հոդվածների հրապարակման՝ այդպիսով նաև հայատառ հոդվածների տարածման հարցում։
Նշենք, որ «Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսի շնորհանդեսի շրջանակում ներկայացվել է նաև «Գրադարանի 1876-1929 թթ. պարբերական մամուլի» ցուցադրությունը։