Փետրվարի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը: Մեկնարկը տրվեց գրադարանի թատերական խմբակի սաների կողմից՝ ճեմասրահի հարթակում պարային ֆլեշմոբի ցուցադրությամբ։ Տոնավաճառի բացման շրջանակում կայացավ գրադարանի 2021 թ. լավագույն ընթերցողների պարգևատրումը․ գրադարանի 2020 թ. լավագույն ընթերցողները վերջիններին հանձնեցին գրքեր, պատվոգրեր, կրծքանշաններ և էկոպայուսակներ: Լավագույն ընթերցողները նվերներ ստացան նաև «Ապրելու» հիմնադրամի կողմից: «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս մրցանակաբաշխությանը, որովհետև ընթերցասեր երեխաներին մրցանակ տալուց լավ բան շատ քչերը կարող են մտաբերել: Երբ մեծանաք անպայման կիմանաք, թե ինչն է տարբերությունը գիրք կարդացած ու գիրք չկարդացած մարդկանց միջև: Դուք եք մեր երկրին լավագույն փոփոխություններ բերելու»,-նշեց հիմնադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
Բացման շրջանակում պատվոգրեր հանձնվեցին IBBY «Պատվո ցուցակին» ներկայացված հայ ներկայացուցիչներին: Գրադարանը պատվոգրեր շնորհեց այդ ցուցակում ընդգրկված «Զանգակ», «Ծիծեռնակ», «Էդիթ Պրինտ» հրատարակչություններին, նկարազարդողներ Լ․ Ալթունյանին և Ն․ Մուրադյանին, թարգմանիչ Ա․ Բախչինյանին: Հետմահու պատվոգրեր տրվեցին գրողներ Ս․ Մուրադյանին ու Յ․ Սահակյանին:
Տոնավաճառի շրջանակում գրադարանում կազմակերպվեցին մի շարք կրթամշակութային միջոցառումներ: «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո Իրանական ընթերցասրահում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային երեխաների համար պարսկերեն հեքիաթ ընթերցեց: Դերասան Ս․Շահինյանը գրադարանի փոքրիկ հյուրերին պատմեց Հովհ. Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթը, խոսեց կյանքում պիտանի ու նշանավոր մարդ լինելու գաղափարների մասին: Թումանյանի մեկ այլ գործի՝ «Բարեկենդան»-ի բեմականացումը ցուցադրեցին գրադարանի թատերական ստուդիայի սաները: Նկարազարդող Լ․Ալթունյանը երեխաների համար ընթերցեց իր հեղինակած և նկարազարդած «Երաժիշտ հրեշը» գիրքը, որից հետո փոքրիկները նկարեցին իրենց պատկերացրած հրեշին: Երեխաների հետ հանդիպում- քննարկում ունեցավ դերասան և ռեժիսոր Հ․Չիչակյանը, ով նրանց համար ընթերցեց Ե․ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը: Երեխաներին ողջունելու էր եկել Ջերոնիմո Ստիլտոն մկնիկը, ով երեխաների հետ անցկացրեց ինտերակտիվ-խաղային միջոցառումներ։
Գրադարանում կազմակերպվեցին նաև քննարկումներ, երաժշտության կոլեկտիվ ունկնդրումներ, մուլտֆիլմի դիտումներ, զարգացնող խաղեր:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի ծննդատնից դուրս գրվող նորածին Մոնթեին, ում եղբայրն այս պահին ծառայում է Հայկական բանակում:
Մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը
18.02.2022
Կարդացեք Նաև
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ
Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը
Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը
Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր
Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից
Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը