
Մայիսի 7-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում հյուրընկալվել էր «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի արևմտահայերենի ուսուցիչ, Բերիոյ Հայոց Թեմի պաշտոնաթերթ՝ «Գանձասար» շաբաթաթերթի «Կկու» մանկական սյունակի հեղինակ, խմբագիր Ռիթա Կաղեանը։
Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներին Ռիթա Կաղեանը ներկայացրել է ամերիկահայ արձակագիր Արամ Հայկազի կենսագրությունը, խոսել նրա անցած ուղու և ստեղծագործական գործունեության մասին: Այնուհետև բանախոսը երեխաների համար արևմտահայերենով ընթերցել է Արամ Հայկազի «Հանցին պատիժը» պատմվածքը:
Ընթերցում-քննարկումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:
Դպրոցականների հետ հանդիպման ընթացքում Ռիթա Կաղեանը խոսել է արևմտահայերենի մշակութային բացառիկ արժեքի, դրա պահպանության և հանրահռչակման կարևորության մասին: