
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 1-ից մեկնարկել է ամառային դպրոցը՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար։
Ամառային դպրոցի ընթացքում երեխաները մասնակցում են գրքերի ընթերցում-քննարկումների, հեքիաթների ընթերցումների, ստեղծագործական և արվեստի դասերի, թեմատիկ զրույցների և կրթական միջոցառումների։
Ծրագրի շրջանակում նրանք այցելում են նաև մշակութային հաստատություններ, մասնակցում ճանաչողական շրջայցերի։ Ամառային դպրոցի սաներն այցելել են Մատենադարան, որտեղ ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգությանը և մասնակցել հետաքրքիր շրջայցի։ Երեխաների առօրյան հարստացել է նաև մուլտդիտումներով, որոնք ուղեկցվել են քննարկումներով և հետաքրքիր զրույցներով։
Ամառային դպրոցը նպաստում է երեխաների ընթերցասիրության զարգացմանը, ստեղծագործական մտածողության խթանմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը և բովանդակալից ու հետաքրքիր ամառային հանգստի կազմակերպմանը։





