Փետրվարի 18-19-ը գրադարանում կազմակերպվելու է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը՝ փետրվարի 18-ին, որի շրջանակում կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը: Փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, որը հայտնի է որպես Գիրք նվիրելու օր, նշանավորվելու է տարաբնույթ միջոցառումներով:
Երկօրյա միջոցառումների շրջանակը բավական ընդգրկուն է՝ դրանք նախատեսվում են ինչպես գրադարանում, այնպես էլ՝ գրադարանից դուրս: Այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:
Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները:
Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ:
Գրադարանը սիրով հրավիրում է ընթերցասեր հանրությանն ու նրանց փոքրիկներին Գրքի տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: