Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը

16.09.2024

Սեպտեմբերի 14-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահները լի էին եվրոպական գրականության, մշակույթի ու արվեստի շնչով:

«Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված էին հայ ընթերցողներին առավել մոտեցնելու եվրոպական գրականությանն ու հարուստ պատմամշակութային ժառանգությանը:

Երաժշտական վիկտորինա

Միջոցառումները մեկնարկել են գրադարանի ձայնադարանից, որտեղ հնչել են Բեթհովենի, Շտրաուսի, Մոցարտի ու Վիվալդիի ստեղծագործություններից հատվածներ: Վիկտորինայի ընթացքում Երևանի թիվ 19 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները գուշակել են ստեղծագործությունների հեղինակներին, այնուհետև ծանոթացել կոմպոզիտորների կենսագրություններին և գործունեությանը:

Տիկնիկային ներկայացում

Հեքիաթի սրահում գրադարանի տիկնիկային թատրոնը ներկայացրել է դանիական ժողովրդական «Ճշմարտախոս Սվենը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը դիտել են Երևանի թիվ 119, 174 և 60 դպրոցների 2-րդ և 3-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ: Ներկայացումից հետո սրահի աշխատակիցները երեխաներին ծանոթացրել են եվրոպական ժառանգության պատմությանը, զրուցել հեքիաթի հիմնական ուղերձների մասին: Հարցուպատասխանի ընթացքում աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով և հեքիաթից քաղած դասերով:

Բարձրաձայն ընթերցումներ

Նախադպրոցական և 1-4-րդ դասարանների տարիքի սրահում գրադարանի ակտիվ ընթերցողներն իրենց ծնողների հետ մասնակցել են գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» հեքիաթի բարձրաձայն ընթերցանությանը: Հեքիաթի ընթերցմանը հաջորդած քննարկումը նպատակ ուներ զարգացնելու երեխաների քննադատական միտքը, խթանելու հետաքրքրությունը ընթերցանության և եվրոպական գրականության հանդեպ:

Բաց դաս՝ եվրոպական գրական ու մշակութային ժառանգության շուրջ

Նույն սրահում ակտիվ ընթերցողները ներկա են եղել նաև «Եվրոպական գրական ու մշակութային ժառանգությունը» թեմայով բաց դասին: Երեխաների համար ցուցադրվել են եվրոպական գրականության, պատմության և մշակույթի մասին պատմող տեսանյութեր, ներկայացվել է եվրոպական մշակութային ժառանգությունն ու դրա պահպանման կարևորությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երեխաների՝ եվրոպական երկրներ հնարավոր այցերը, ինչի արդյունքում երեխաները նախանշել են, թե որ պատմաշակութային վայրեր կցանկանան այցելել:

Ծանոթացում գերմանական մանկապատանեկան գրականությանը

Օտարալեզու գրականության սրահում Երևանի թիվ 69 դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներն ընթերցել են գերմաներեն մանկապատանեկան պատմվածքներ` բարոյախրատական թեմաներով, քննարկել դրանցում առկա ուղերձները: Ինտերակտիվ խաղի միջոցով փորձ է արվել բարելավել երեխաների գերմաներենի իմացությունն ու խոսքային հմտությունները:

«Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես

Գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են Սպիտակ և Աչաջուր բնակավայրերում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի մասնակից երեխաների ստեղծագործությունները՝ «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո:  Նկարչական աշխատանքներում ներկայացված էին երեխաների պատկերացումները եվրոպական մշակույթի ու արվեստի վերաբերյալ, որոնք արտացոլում էին հեղինակների ստեղծագործական երևակայությունն ու հմտությունները:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել