
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից մեկնարկած ճամբարին գարնանային արձակուրդների ընթացքում մասնակցել է շուրջ 60 երեխա: Հայ և օտարազգի (ռուսախոս) երեխաների համար մշակված կրթամշակութային ծրագիրը հագեցած է եղել ճանաչողական, ինտելեկտուալ ու նկարազարդման դասընթացներով: Դպրոցահասակները դիտել են մուլտֆիլմեր, ինտերակտիիվ հեքիաթների մասնակից դարձել: Մասնակցել են գրադարանի թատերական ստուդիայի պարապմուքներին, ինչը հնարավորություն է ընձեռել փոքրիկներին բեմ բարձրանալ և դրսևորել դերասանական տաղանդը թատերական ներկայացումների ընթացքում:Խմբային դասընթացները երեխաներին հաղորդակցման մեջ ազատ լինելու ու ինքնարտահայտման, կաշկանդվածությունից ազատվելու հնարավորություն է տվել: Բանավոր խոսքի զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանն են նպաստել նաև բարձրաձայն ընթերցումները:Ռուսախոս երեխաների ծրագրի կարևոր բաղադրիչն է եղել հայոց լեզվի տարրական գիտելիքների փոխանցումն ու հայ գրականության հետ ծանոթացումը:Ճամբարի ընթացքում երեխաները նաև այցելել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գործող Պավլոս Բորոյանի անվան տիկնիկների թանգարան: Գարնանային ճամբարը շարունակում է երեխաների ընդունելությունը՝ կրթամշակութային ծրագրերի մասնակիցը դարձնելու, իսկ օտարազգի երեխաներին՝ նաև Հայաստանում հեշտությամբ ինտեգրվելուն օգնելու նպատակով: