Հոկտեմբերի 24-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրերը երաժշտական թերապիայի մասնակից դարձան: Երաժշտական թերապևտ, մանկավարժ Կարինե Թոթոլյանը հանդիպման մասնակիցների հետ կիսվեց երաժշտության ուժի կախարդանքի գաղտնիքներով:
Ինչպես ժամանակակից կյանքում, այնպես էլ՝ անցյալում, երաժշտությունը մարդու կյանքի անբաժանելի ուղեկիցն է, այն արտահայտում է մեր հույզերը, սրթեսը հաղթահարելու կարողություն փոխանցում, մարդկանց դարձնում ավելի բարի: Կարինե Թոթոլյանը նշեց, որ երաժշտական թերապիան օգնում է լսել ինքներս մեզ, շրջապատի ու բնության հնչյունները: «Թերապիայի միջոցով մենք սովորում ենք լսել, սպասել, համագործակցել, այն օգնում է ամրապնդել կամքը»,- նշեց նա:
Խոսելով երեխաների հետ երաժշտական գործիքների տարատեսակների մասին՝ Կարինե Թոթոլյանն ընդգծեց, որ ինչպես յուրաքանչյուր գործիք ունի իր հնչողությունն, այնպես էլ՝ յուրաքանչյուր անհատ երաժշտական մի հնչյուն ու մոլորակ է: Միավորելով հայկական ժողովրդական երգերը հեքիաթապատումներին՝ Կարինե Թոթոլյանը երեխաների հետ միասին գրադարանի հեքիաթի սրահը երաժշտական բեմի վերածեցին: Մի քանի րոպեի ընթացքում «ծնված» նվագախումբը «Հախչա-հուխչա» երգը կատարելով՝ ապացուցում էր, որ ցանկացած ոք կարող է տիրապետել գործիքի և երաժշտություն հնչեցնել: