
Ապրիլի 8-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը։ Շաբաթվա ընթացքում գրադարանում կազմակերպվել են բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներ, իսկ արդեն շաբաթվա ամփոփմանը երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց սիրելի մանկագիրներին։
Միջոցառման սկզբում գրադարանի ընթերցողները և Քասախի Ռ․Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի սաները ներկայացրել են հայ ժամանակակից մանկագիրների չափածո և արձակ ստեղծագործություններից հատվածներ։ Այնուհետև «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը, մանկագիրներ Նանեն, Ժաննա Աբրահամյանը, Օլգա Դարյանը, Նարինե Ավագյանը, Սաթենիկ Ղազարյանը, Մարիամ Սարգսյանը ողջունել են ներկաներին, խոսել գրականության և գրադարանների կարևորության մասին, հորդորել երեխաներին շատ կարդալ։
Միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրքի և ընթերցանության կարևոր դերը երեխաների աշխարհընկալման ձևավորման գործում։





