
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 7-ից 9-ը անցկացվեց «Գրքերի ապահով աշխարհում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ նվիրված գրքի և ընթերցանության միջոցով երեխաների համար ապահով ու աջակցող միջավայրի ստեղծմանը։
Դասընթացի ընթացքում Էլլա Բերթաուդը մասնակիցներին ներկայացրեց բիբլիոթերապիան, քննարկեցին, թե ինչպես կարող է ընթերցանությունն օգնել դժվարությունների միջով անցնող,
տարբեր հուզական և հոգեբանական իրավիճակներում գտնվող երեխաներին։
Առանձնահատուկ կարևորվեց երեխայի կարիքների ճանաչումը, վստահելի և աջակցող միջավայր ստեղծումը։
Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին բարձրաձայն, տեսողական և լսողական
ընթերցանության առանձնահատկությունները, տարբեր հուզական վիճակներում գտնվող երեխաների համար համապատասխան
գրականություն ընտրելու մոտեցումները։
Առանձնահաոտւկ կարևորվեց այն, որ գիրքը կարող է դառնալ երեխայի հույզերին, ապրումներին և դժվարություններին անդրադառնալու աջակցող միջոց՝ ինչպես նշեց դասընթացավարը՝ «գիրքը կարող է օգտագործվել որպես սպեղանի»։
Գործնական աշխատանքների ընթացքում գրադարանավարները կիսվեցին իրենց համար կարևոր առարկաների և դրանց հետ կապված պատմություններով՝ քննարկելով հիշողության, հույզերի և գրքերի կապը։ Նրանք կազմեցին ընթերցանության ցանկեր, իրականացրին գրքային խորհրդատվություն, քննարկեցին տարբեր իրավիճակներ և փորձեցին որոշել, թե յուրաքանչյուր դեպքում ինչպիսի գիրք կարող է նպատակահարմար լինել երեխայի համար։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ ձեռք բերեցին։ Դասընթացի նաև սովորեցրեց, թե գիրքն ինչպես կարող է օգնել երեխաների համար ստեղծել ապահով միջավայր, ապրումակցել և աջակցել։
Վերապատրաստման ավարտին Էլլա Բերթաուդը գրքեր նվիրեց գրադարանին, ապա շնորհակալագիր ստացավ IBBY Armenia-ի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանից՝ համագործակցության և դասընթացի շրջանակում ունեցած ներդրման համար։
Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։





