
Դեկտեմբերի 26-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամանորյա տոնական ցերեկույթ էր: Գրադարանի թատերական խմբակի սաները հյուրերի համար բեմադրել էին «Երեք խոզուկներ» ու «Կարմիր գլխարկ» հեքիաթները՝ համեմելով դրանք ամանորյա հրաշքի սպասման, չարաճճի գայլի հետ «պայքարի» տարրերով:
Ներկայացմանը հաջորդեցին «Գոհար» պարային համույթի սաների պարային ու Երևանի թիվ 57 դպրոցի սաների երաժշտական կատարումները: Երևանի թիվ 71 դպրոցի աշակերտներն էլ բարեմաղթանքներ հնչեցրին ներկաներին: Միջոցառման ավարտին երեխաներին շնորհավորելու եկած Ձմեռ պապն ու Ձյունանուշը գրադարանի ճեմասրահում գրքատոնածառի շուրջ շուրջպար բռնեցին: