Աչաջուրում մեկնարկած Եվրոպական ժառանգության օրերին նվիրված եռօրյա ճամբարն ամփոփվել է

27.04.2024

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը մեկնարկած կրթամշակութային եռօրյա ճամբարն ավարտվել է:

Երեք օր շարունակ՝ ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի ընթերցողները մասնակցել են նկարչության վարպետության դասընթացի, հեքիաթապատումների, հանդիպումների, գրքերի քննարկումների:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ, զրույց-քննարկումների միջոցով նպաստել նրանց քննադատական ու վերլուծական մտածողության զարգացմանը:

Ճամբարի վերջին օրը՝ ապրիլի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաների համար ընթերցել են անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր» հեքիաթը, որին հաջորդել է ստեղծագործության շուրջ քննարկումը:

Այնուհետև վիկտորինաների միջոցով ամրապնդվել են եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ճամբարային օրերին ձեռքբերած երեխաների գիտելիքները:

Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտին են հասցրել իրենց աշխատանքները: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի ստեղծագործություններից ոգեշնչված նրանք ստեղծել են դիմանկարներ, պատկերել ընտրած հերոսների հագուստները հայկական մանրանկարչության զարդանախշերով:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը վարպետության դասընթացի շրջանակում երեխաներին է փոխանցել նկարչական արվեստի գաղտնիքներն ու հմտությունները: Նշենք, որ առաջիկայում երեխաների ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կրթամշակութային եռօրյա ճամբարի ամփոփման ժամանակ երեխաները կիսվել են իրենց տպավորություններով, ընդգծել նոր գիտելիքների ձեռքբերման այս ձևաչափի անհրաժեշտությունը, որն ապահովում է նաև գյուղական բնակավայրերի երեխաների հագեցած ժամանցը: Մասնակիցներն անկեղծացել են, որ գիտելիք փոխանցելուց բացի սա նոր հարթակ էր համագյուղացի երեխաների հետ ավելի մոտիկից ծանոթանալու, համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու, ինչպես նաև համատեղ գրքեր ընթերցելու և քննարկելու տեսանկյունից: Երեխաները ցանկություն են հայտնել, որ նմանօրինակ նախագծերը լինեն շարունակական:

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել