«Ընթերցողական կոնֆերանս-հանդիպում» ամենաընթերցված գրքերի հեղինակների հետ. տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակման միջոցառումը

10.04.2023

Ապրիլի 7-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Ընթերցողական կոնֆերանս-հանդիպում» ամենաընթերցված գրքերի հեղինակների հետ: Գրադարանի ընթերցողները կոնֆերանսի շրջանակում հնարավորություն ունեցան անմիջական շփում ունենալ երիտասարդ ժամանակակից գրողներ, ամենաընթերցված գրքերի հեղինակներ Հասմիկ Ափոյանի, Լևոն Նեսի, Դավիթ Սամվելյանի, Կարինա Վիվի Նաջարյանի, Արտավազդ Եղիազարյանի հետ և իրենց հուզող հարցերն ուղղել նրանց:

«Խաղալիքների տունը» հեքիաթի հեղինակ Հասմիկ Ափոյանը նշեց․ «Այն, որ այսօր հրավիրված եմ այս միջոցառմանը, խոսում է այն մասին, որ գրքի մեսիջն իր նպատակին է հասել։ Հեքիաթի ժանրը և՛ հեշտ է, և՛ դժվար։ Հեշտ է, որովհետև կա անսահման երևակայություն, չկան սահմաններ, իսկ դժվար է, որովհետև չկան սահմաններ և պետք է մնալ այդ սահմաններում»։

«Արկածասեր քառյակ» գրքի հեղինակ Կարինա Վիվի Նաջարյանն անկեղծացավ, որ երեխաների մասին գրել կարողանալը յուրահատուկ շնորհ է համարում։ «Դեռ այնքան անսպառ մտքեր ունեն իմ գլխում, որոնք ուզում են դուրս թռչել ու պատմության դառնալ ձեզ համար»,- ասաց նա։

Գրող Լևոն Նեսը նշեց, որ իր «Բալզակ․ մի շատ պատմություն» գրքում փորձել է պատկերել այն իրականությունը, որում այսօր ապրում ենք բոլորս։ «Ուզում էի մարդկանց նայել կենդանու աչքերով, ինչպես իրենք են մեզ տեսնում ու ընկալում»,- նկատեց նա։

Պատանիների կողմից սիրված «Վիշապաքարի գաղտնիքը» գիրքը հեղինակած Արտավազդ Եղիազարյանը երեխաների հարցին, թե ինչն է հիմք դարձել նման պատմություն ստեղծելու, արձագանքեց․ «Մենք լավ գրականություն շատ ունենք, սակայն ինձ անհանգստացնում էր այն, որ չկար հայերեն, մեզ ծանոթ առասպելական կերպարներով ու մեզ ծանոթ միջավայրում ստեղծված պատմություն»։ Նա նշեց, որ գրքի շուրջ ստեղծված արձագանքն իր համար պարտավորեցնող է․ «Ես հասկացա, որ ամենապարտաճանաչ ընթերցողը պատանիներն են»։

Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վեպի ընթերցողները նշեցին, որ նկատել են գրողի գործերում արտագաղթի խնդրի արծարծումն ու կրոնական թեմաներին անդրադարձը։ Հեղինակն անկեղծացավ, որ առաջինի դեպքում խնդրին հնչողություն տալու ամենօրյա պահանջն է, իսկ երկրորդի համար դեր է խաղում իր կրոնագետ-եկեղեցաբան լինելը։ «Կրոնական թեման ինչ-որ չափով առկա է իմ գործերում, հասարակ հարցեր կան, որոնց պատասխանները շատերը չունեն։ Փորձել եմ այդ հարցերին պատասխանել։ Գրականությունը փափուկ ձև է մարդկանց ինչ-որ բաներ հասցնելու համար»,- նշեց նա։

Շաբաթի փակման միջոցառմանը ներկա էին տարիների գրական փորձով մանկագիրներ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, Ռոլանդ Շառոյանը, Օլգա Դարյանը և այլոք:

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակման միջոցառման ժամանակ խոսվեց Գրքի շաբաթի ակունքների մասին։ Պատմեցին, թե ինչ գրական-մշակութային միջոցառումներ են իրականացվել Հայաստանում տասնյակ տարիներ առաջ, ինչ դեր է ունեցել Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանը գրող-ընթերցող կապի պահպանման ու ամրապնդման գործում։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել