Փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնում է Գիրք նվիրելու օրը: Տոնական միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել էր գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, որին մասնակցում էին հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը:
Տոնական օրվա շրջանակում գրադարանի Հեքիաթի սրահում «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Ավագյանը երեխաների համար կարդաց Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը:
Գրադարանում հյուրընկալվեցին նաև «Մուլտարտ» անիմացիոն ստուդիայի ներկայացուցիչները: Ստուդիայի տնօրեն Արթուր Միքայելյանը երեխաներին պատմեց, թե ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը, անիմացիաների ստեղծման ինչ տեխնոլոգիաներ կան, դրանցից որոնք են կիրառվում «Մուլտարտ»-ի կողմից ստեղծվող աշխատանքներում: Հանդիպման ավարտին երեխաների համար ցուցադրվեց ստուդիայի կողմից պատրաստված «Ծիածանի լեգենդը» մուլտֆիլմը:
Օրվա ընթացքում տեղի ունեցավ նաև Էդգար Թաթիկյանի «Ձնեմարդը», Հովիկ Մխիթարյանի «Սքանչելին» և Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ» գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսների ընթացքում ներկայացվեց հեղինակների կյանքն ու գրական գործունեությունը: Էդգար Թաթիկյանն ու Հովիկ Մխիթարյանը, ում գործերը մանկական տարիքի լսարանին են ուղղված՝ անձամբ ներկայացրեցին հեքիաթները: Այս երկու հեղինակների հեքիաթները 2019թ. «IBBY Արմենիայի» կողմից կազմակերպված << Մանկագիրների ու նկարազարդողների մրցույթին>> արժանացել էին երկրորդ մրցանակի:
Օտարալեզու գրականության բաժնում բեմադրվեց Հովհ. Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթից մի հատված: Այս տարի նաև լրանում է հեքիաթի ստեղծման 110-ամյակը: Ներկայացվեցին նաև դրվագներ բանաստեղծի կյանքից ու գործունեությունից, հայ մեծերի՝ Թումանյանի մասին հիշողությունները: Իսկ գրադարանի ընթերցասրահում անցկացվեց ինտերակտիվ խաղ-վիկտորինա Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների ու գործունեության վերաբերյալ:
Գրադարանի ազատ զբաղմունքի սրահում կազմակերպվեց հանդիպում հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ: Հոգեբանը ծնողների հետ խոսեց, թե ինչպես խրախուսել երեխաներին ընթերցել գրքեր, կարևորվեց ընտանեկան ընթերցանության դերը երեխաների հետագա զարգացման փուլերում: Ն․ Իսրայելյանը նշեց. «Գիրքը հնարք է, որի միջոցով հնարավոր է երեխաներին ավելի շրջահայաց և աշխարհը ճանաչելու շնորհիվ պաշտպանված դարձնել: Ընթերցելն օգնում է երեխաներին ձևակերպել իրենց հուզող հարցերը, վերապրումներ ունենալ: Գիրքը ջերմության և մտերմության, միասին լինելու արժեք է կրում, հուզական կապ է ստեղծվում ծնողի և երեխայի միջև»:
Տոնի շրջանակում գրադարանում կազմակերպվել են նաև երաժշտության կոլեկտիվ ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով, Թումանյանի պատմվածքների բարձրաձայն ընթերցումներ, հեքիաթապատումներ ու մուլտֆիլմերի դիտումներ, գրադարանի սրահներում երեխաների համար անց են կացվել թիմային, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր ու քուիզեր:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադրանը տոնում է Գիրք նվիրելու օրը
20.02.2022
Կարդացեք Նաև
Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը
Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ
Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը
Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը
Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր
Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից
Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը