Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 5-8-րդ դասարանների սպասարկման սրահի աշխատակիցները կազմակերպել էին վարպետության դաս’ ինժեներական կրթության հանրայնացման վերաբերյալ:
Դասը վարում էին Arm_Electronik ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների դպրոցի աշխատակիցները:
Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել հայկական ներուժի զարգացմանը՝ բացահայտել ինժեներական կրթությունը, որը կօգնի երեխաներին իրագործել իրենց երազանքները լուծումների միջոցով։
Վարպետության դասին մասնակցում էին սրահի ակտիվ ընթերցողներն ու Երևանի թիվ 130 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Arm_Electronik կենտրոնի սաներն ու ուսուցիչները դասընթացի ընթացքում աշակերտներին ծանոթացրել են ռոբոտաշինության, արհեստական բանականության և ծրագրավորման սկզբունքներին։ Կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրվել են աշակերտների նախասիրություններով և ռոբոտաշինության ոլորտում ունեցած գիտելիքներով: Աշակերտները նշել են, թե ինչպիսի ռոբոտներ են օգտագործվում առօրյա կյանքում և ինչպես են դրանք օգնում մարդկանց։
Վարպետության դասի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի կարևորությանը։ Մասնակիցները ծանոթացել են հոսանքի, լարման և էլեկտրական սխեմաների աշխատանքին:
Այնուհետև երեխաները ստացած գիտելիքները կիրառել են գործնական աշխատանքի ընթացքում։ Նրանք հավաքել են կոնստրուկտորային սարքեր՝ փորձելով հասկանալ հոսանքի անցման գործընթացը և շարժիչների աշխատանքը։ Վարպետության դասի ընթացքում երեխաները ծանոթացել են նաև սարքերի էլեկտրական սխեմաների ճիշտ միացման սկզբունքներին:
Arm_Electronik կենտրոնի ղեկավարները խրախուսել են երեխաներին հավատալ իրենց ուժերին և գործել՝ կիրառելով ռոբոտաշինության, ինժեներության ոլորտում ձեռք բերված կարողություններն ու հմտությունները։