Շարունակվում է Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես- տոնավաճառը

19.02.2023

Փետրվարի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ «Մաշտոցի գյուտը» խորագրով վարպետության դաս Մատենադարանի հետ համագործակցությամբ: Հանդիպմանը ներկա երեխաները տեղեկացան Մատենադարանի՝ որպես հայերեն ձեռագրերի կարևորագույն պահոց հանդիսանալու դերի մասին, լսեցին տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ժողովուրդների լեզուների և գրերի ստեղծման ու դրանց առանձնահատկությունների մասին:
Տոնավաճառի շրջանակում կազմակերպվեց գրքի քննարկում և նկարազարդման վարպետության դաս Օթֆրիդ Փրոյսլերի «Փոքրիկ Վհուկը» հեքիաթի շուրջ: Գրքի թարգմանիչ Լիանա Սաֆարյանը գրադարանի ակտիվ ընթերցողների հետ քննարկեց, թե գերմանացի գրողի ստեղծած կերպարների հատկապես որ հատկանիշներն են նրանք հավանել և պատրաստ են արդյոք դրանք փոխառել: Քննարկման վերջում ակտիվ ընթերցողները նկարազարդեցին թղթե ափսեների վրա պատկերված վհուկներին: Թարգմանիչն իր հերթին արիգամիի միջոցով հեքիաթի ագռավ հերոսի կերպարը ստացավ: Միասնական աշխատանքի նպատակն էր զարգացնել երեխաների երևակայությունը ու ստանալ նրանց պատկերացրած վհուկների ամբողջական մի տեսարան-խճանկար:
Գրադարանի ազատ ժամանցի սրահում տեղի ունեցավ «Ստվերում հեքիաթի հերոսներն են» վարպետության դասը: Գրադարանի հյուրերը ծանոթացան, թե աշխարհում առաջին անգամ որտեղ և ինչպես է ծագել տեսողական արվեստի տարատեսակ՝ ստվերների թատրոնի ստեղծման գաղափարը: Ցերեկույթի ընթացքում գրադարանի ակտիվ ընթերցողների կողմից բեմադրվեց Շել Սիլվերսթոնի «Անձնվեր ծառը» պատմվածքը՝ ստվերների թատրոնի հնարքների կիրառմամբ:
«Mind Center» ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպվեց ռոբոտաշինության վերաբերյալ քննարկում գրադարանի 5-8-րդ դասարանների սպասարկման սրահում: «Mind Center» կենտրոնի սաները պատմեցին, թե ռոբոտների ինչ տարատեսակներ գոյություն ունեն, ինչ նպատակների կարող են դրանց ծառայեցնել: Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները ցուցադրեցին, թե ինչպես է հնարավոր ծրագրավորել ռոբոտներին, և կենտրոնում ուսուցանելու արդյունքում հատուկ ծրագրերի միջոցով ինչ գործառույթներ են փոխանցել ռոբոտներին:
Դահլիճում բեմադրվեց Ռուզան Մելիքյանի «Չորս երեխան ու շնիկը» ստեղծագործությունը, որը համեմված էր պարային ու երաժշտական համարներով:

Գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Զավեն Օհանյանի «Թերեզան» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է «Մարի» հրատարակչության կողմից: Հեղինակը հանդիպման ներկաների հետ զրույցում նշեց, որ գլխավոր հերոսուհու կերպարում խտացրել է այն ամենն, ինչն իրեն ամբողջացնում է որպես անհատականություն:
Իսկ հեքիաթի սրահում երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանի «Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ Քեռու հեքիաթները» գրքի շնորհանդեսն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Գրադարանի փոքրիկ հյուրերի համար գրողն իր նոր գրքից մի քանի հեքիաթ ընթերցեց, որից հետո երեխաների հետ զրուցեցին պատմվածքներում նկարագրված դեպքերի նշանակության մասին: Երեխաները նշեցին, որ պատմության մեջ այնպիսին, ինչպիսին կան մնալու խորհուրդն են տեսնում, իսկ հեղինակը համաձայնելով ՝ ավելացրեց. «Մարդը պետք է իր վրա աշխատի, կատարելագործվի, բայց էությամբ չփոխվի, չդառնա երբեք ուրիշ»:
Օրվա վերջում ծնողները, մանկավարժները, գրադարանավարները հանդիպեցին «Կանա» հոգեբանական կենտրոնի տնօրեն, արագ ընթերցանության մարզիչ Էլզա Մանուկյանի հետ: «Գիրքն ու երեխան» խորագրով հանդիպման ընթացքում Էլզա Մանուկյանը ծնողների հետ կիսվեց երեխաների՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը արթնացնելու և զարգացնելու հնարքների ու խրախուսման մեթոդների մասին:

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել