
«Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով անցկացվող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել սեմինար և փորձի փոխանակում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանի ներկայացուցիչների և դպրոցական գրադարանների գրադարանավարների մասնակցությամբ։
Սեմինարի սկզբում Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված մոնիթորինգի արդյունքները, կատարված աշխատանքներն ու դիտարկումները։ Այնուհետև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Շիրակացու ճեմարանի» գրադարանների ներկայացուցիչները սահիկաշարի միջոցով ներկայացրել են իրենց գրադարաններում իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով ընթերցողական նախագծերին և տեխնիկական հագեցվածությանը, որն օգնում է աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային գրադարանների զարգացման և գրադարանավարների վերապատրաստումների հետ կապված հարցերին։ Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաներ։





