Նոյեմբերի 22-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել իրանցի հայտնի գրողներ Աբաս Ջհանգիրյանի «Հրեշի ստվերը» և Ֆարհադ Հասանզադեի «Մեղեդի չորեքշաբթի օրերի համար» գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը։
Այն իրականացվել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան «Մշակույթի կենտրոնի» հետ: Միջոցառմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ԻԻՀ դեսպանատան «Մշակույթի կենտրոնի» տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդին, հեղինակ Աբաս Ջհանգիրյանը, գրքերի թարգմանիչ Գևորգ Ասատրյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը, հանրակրթական դպրոցի աշակերտներ, գրաքննադատներ և այլոք։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և ընդգծել հայ-իրանական գրական, մշակութային ամուր կապերի առկայությունն ու համագործակցության զարգացման շարունակականությունը. «Ասվածի վկայությունն է 2006 թվականից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործող իրանական ընթերցասրահը և համագործակցային այն բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվել են այս տարիներին ԻԻՀ դեսպանության հետ։ Դրանցից մեկն էլ այսօրվա միջոցառումն է, վստահ եմ, որ այն նոր բովանդակություն ու լիցքեր կհաղորդի հայ-իրանական գրական, մշակութային համագործակցության զարգացմանը, քանզի մշակույթը, գրականությունը և հատկապես մանկագրությունը փոխճանաչման լավագույն դրսևորում են։ Վստահաբար կարող ենք փաստել, որ իրանական մանկագրությունն այսօր աշխարհում առաջատարներից է, իսկ ներկայացված գրքերի հեղինակները բազմաթիվ մրցանակների արժանացած տաղանդավոր գրողներ են: Նրանց ստեղծագործություններին մեր ընթերցողները ծանոթ են և հաճույքով կարդում են»։
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարևորել է գրականության դերը, շեշտելով, որ մանկագիրներն ապագա խաղաղության կերտողներն են, քանզի նպաստում են երեխաների մեջ անհատականության ձևավորմանը։
«Հրեշի ստվերը» վեպի հեղինակ Աբաս Ջհանգիրյանն էլ ուրախությամբ նշել է, որ արդեն երրորդ անգամ է Հայաստանում, և ինչպես միշտ՝ այցի պատճառը գիրքն է։ Հեղինակը շնորհակալություն է հայտնել շնորհանդեսի կազմակերպիչներին` ընդգծելով, որ պարսկերենից թարգմանելը շատ բարդ է, ինչը Գևորգ Ասատրյանը հրաշալի է կատարել։
Գևորգ Ասատրայնն էլ իր հերթին կարևորել է Աբաս Ջհանգիրյանի ու Ֆարհադ Հասանզադեյի ստեղծագործությունների յուրահատուկ ոճը, որոնք թեև տարբեր են, բայց երկուսի գրքերն էլ թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և ստացել տարբեր մրցանակներ։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են գրադարանի և ԻԻՀ դեսպանատան «Մշակույթի կենտրոնի» համատեղ իրականացրած ծրագրերի մասին պատմող տեսանյութ, լսել գրադարանի մանուկ և պատանի ընթերցողների տպավորությունները կարդացած իրանական գրականության մասին:
Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հայ-իրանական գրական-մշակութային համատեղ նախաձենություններին, որոնք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացվել են: