Մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը

18.02.2023

Փետրվարի 17-ին մեկնարկել է Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում են հայաստանյան մի շարք հրատարակչություններ, սեղանի խաղերի ընկերություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը։
Տոնավաճառի շրջանակում գրադարանի 9-12-րդ դասարանների սպասարկման սրահում անցկացվեց զրույց-քննարկում Շիրվանզադեի «Քաոս» վեպի շուրջ: Ներկաներն անդրադարձան հեղինակի՝ կերպարների միջոցով հայր և որդի փոխհարաբերությունները, բախումը, առկա տարաձայնությունները վերհանելու հնարքին: Նշեցին, որ հատկապես հետաքրքիր էր Շիրվանզադեի կողմից հարուստ խավի և բանվոր դասակարգի վերաբերյալ նկարագրությունը: Աշակերտներն ընթերցեցին գրքից դուրս բերված այն հատվածաները, որոնք իրենց ամենից շատ են գրավել: Ընդգծեցին, որ գրքի հերոսների բնութագիրը թաքնված է նրանց երկխոսություների մեջ:

Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձին ընդառաջ գրադարանի երաժշտական-նոտագիր վավերագրերի բաժնում կազմակերպվել էր զրույց-դաս՝ նվիրված մեծանուն բանաստեղծին: Զրույց-դասի ընթացքում երեխաներին ներկայացվել է, թե ինչպիսին է Թումանյանի և երաժշտության միջև կապը, երեխաները սովորել են Թումանյանի հեղինակած «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…» երգը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը անցկացրեց «Հեքիաթի ժամ» ինտերակտիվ խաղ, որի ընթացքում երեխաների համար ցուցադրվեց Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը: Խորհրդային տարիների հանրահայտ մուլտֆիլմը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոր մոտեցմամբ էր վերախմբագրել: Աիդա Ասատուրյանը մանկահասակ հյուրերի հետ զրուցեց հեքիաթի աշխարհի անսահման լինելու, երեխաների հետաքրքրությունների ու երազանքների մասին:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ գրադարանում հյուրընկալվել էր բլոգեր մայրիկ Մարիաննա Վարդանյանը: «Հեքիաթի դեսպան մայրերը» խորագրի ներքո Մարիաննա Վարդանյանն ընթերցեց «Շնորհակալ եմ» հեքիաթը, որի համահեղինակներն են Անժելիկա Առուշանյանն ու Մանե Հակոբյանը: Նրանք այս ստեղծագործության միջոցով ուսուցանում են ընթերցողին շնորհակալ լինելու «արվեստի» կարևորության մասին: Գրքի ընթերցումից հետո հյուրը երեխաների հետ խոսեց, թե որքան կարևոր է դիմացինին շնորհակալություն հայտնելը, ինչպես դա կարող է փոխել մարդկանց տրամադրությունը։

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի սաները գրադարանի դահլիճում բեմադրեցին «Թումանյանը մեր սրտերում» ներկայացումը: Կրթահամալիրի սաները հյուրերին պատմեցին Հովհ. Թումանյանի կյանքի առանձնահատուկ դրվագներից, խոսեցին փոքրիկ լոռեցուց մինչև հանճարեղ բանաստեղծ դառնալու երկարատև ու դժվարին ճանապարհը հաղթահարելու մասին: Ցերեկույթի ընթացքում հնչեցին Թումանյանի գործերի հիման վրա գրված երգերը, բեմադրվեցին նրա հեքիաթներից վերցված ծիծաղաշարժ պատառիկներ:

Գրադարանի օտարալեզու գրականության բաժնում անցկացվեց վիկտորինա՝ արտասահմանյան հոբելյար գրողների ստեղծությունների վերաբերյալ: Երեխաները փորձեցին կռահել Շառլ Պեռոյի, Ժյուլ Վեռնի, Էրիխ Մարիա Ռեմարկի ու Մայն Ռիդի գործերում տեղ գտած իրադարձությունների ու հերոսների վերաբերյալ հարցերի պատասխանները: Մինչ հարցերին անդրադառնալը դպրոցականներին փոխանցեց գրողների կյանքի հետաքրքիր դիպվածների վերաբերյալ տեղեկություններ:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր նվիրեցին Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից դուրս գրվող նորածին Նանեին: «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ պատրաստված գրքային փաթեթում ներառվել է նաև մանկական գրականության ցանկ՝ հետագայում երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու, երեխայի անձնական գրադարանը ձևավորելու հարցում մայրիկին օգնելու համար:


Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Արփի Մաղաքյան – Երևանյան հեքիաթներ

book title

Ռ. Ջ. Պալացիո- Ջուլիանը

book title

Քրիստ Մանարյան — Ֆելոն ու խելառների գնացքը

book title

Անջելա Նանետտի – Պապիկս բալենի էր

book title

Լուսի Մոնտ Մոնթգոմերի — Աննան կանաչ կտուրներից 

book title

Դավիթ Սամվելյան — Ռոդենի ձմեռը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել