
Նոյեմբերի 26-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հոբելյանական հանդիսություն էր՝ նվիրված բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանի ծննդյան 95 — ամյակին։
Բանաստեղծին խորհրդանշող տիկնիկի (դերասան Գրիգոր Հակոբյան) և հաղորդավար Աշոտ Հարությունյանի երկխոսության միջոցով ներկայացվեցին անվանի մանկագրի կենսագրությունը, հետաքրքիր էջեր գրողի կյանքից։
Երաժշտական կատարումներով և ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի «Մանկության արահետ» մանկապարտեզի սաները, Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դերասանները, Երևանի հ․155 հիմնական դպրոցի աշակերտները, «Արևներ» անսամբլի սաները (գեղ․ ղեկավար Արփինե Հովհաննիսյան), Սուրեն Մուրադյանի քնարական բանաստեղծություններից ներկայացրեց գրադարանի ընթերցող Նելլի Գսպոյանը։
Միջոցառման ընթացքում էկրանին պարբերաբար ցուցադրվում էին դրվագներ բանաստեղծի կյանքից, անվանի գրողների,արվեստագետների հարցազրույցներից,որտեղ խոսվում էր Սուրեն Մուրադյանի՝ հայ գրականության մեջ ունեցած անգնահատելի ավանդի մասին։
Հոբելյանական հանդիսությունն իր ջերմ հուշերով հարստացրեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և կատարեց իրենց համատեղ երգերից երևանյան մետրոյին նվիրված «Հեքիաթային ճանապարհ» ստեղծագործությունը։
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, հ. 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը, խոսելով Սուրեն Մուրադյանի մասին, նշեց, որ նա մեր օրերի Հովհաննես Թումանյանն է։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Սուրեն Մուրադյանի վաստակը գնահատող այլ հյուրեր։ Հոբելյանական միջոցառման ռեժիսորն էր Սուրեն Մուրադյանի դուստր, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակից Սյուզաննա Մուրադյանը։





