Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «Իբբի Արմենիա» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հանս Քրիստիան Անդերսեն մրցանակ 2024թ.-ի Հայաստանի թեկնածու Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը։ Գրքի համահեղինակ և նկարազարդող Սավաննա Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որում, խոսելով գրքասեր լինելու կարևորության մասին, նշեց, որ գրքերի հանդեպ սերն իր մեջ սերմանել է տատիկը և միասին են ստեղծել գրքի երկու հրաշալի կերպարներին։
«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի կիսեմ գրքերի հանդեպ իմ սերը այլ գրքասերների հետ: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան գրելու, ժպտալու և գաղափարներով կիսվելու իրենց տատիկ-պապիկների կամ ծնողների հետ: Դա երբեմն փորձություն է հարաբերությունների համար, սակայն ընդհանուր առմամբ, այն օգնում է ամրապնդել ձեր երևակայությունը և կապն ընտանիքի հետ», — ընդգծեց Սավաննան։
Նշենք, որ «Իբբի Արմենիայի» կողմից «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի առաջին մասը ներկայացվել է IBBY-ի Պատվո ցուցակ 2022-ին:
Գիրքը լույս է տեսել հայերեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն լեզուներով: