Հոկտեմբերի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի վերջին օրն էր:
Վերապատրաստման դասընթացի երրորդ օրը տեսական և գործնական աշխատանքների առանցքում տարբեր իրավիճակներում, ինչպես նաև թիրախային խմբերի համար ընթերցանության խթանմանն ուղղված մեթոդների և հմտությունների կիրառման թեմաներն էին:
Կարևորելով գրադարանավարների և մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների դերակատարումն այս գործընթացում՝ դասընթացավար, հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին ներկայացրել է խնդիրների լուծմանն ուղղված առավել արդյունավետ, գործածելի և նորարար ուղեցույցներն ու գործիքակազմը։ Այս մեթոդների կիրառման գործում առաջնային կարևորվել են գրքի նկատմամբ հետաքրքրության ձևավորման, քննադատական մտածողության, նյութի շուրջ երկխոսելու ու մտքեր փոխանակելու ունակության զարգացմանն ուղղված քայլերը: Առանձնացվել է յուրաքանչյուր տարիքային խմբի համար կիրառելի մեթոդները՝ մատնանշելով թատերականացված բեմադրությունների ու պատկերազարդումների ազդեցությունը երեխայի մտավոր և հուզական ներաշխարհի վրա:
Դասընթացի շրջանակում մասնակիցները միմյանց հետ կիսվել են ընթերցանության խթանմանն ուղղված իրենց փորձով, գործնականում ներկայացնելով այն մեթոդներն ու հնարքները, որոնք կիրառվում են ամենօրյա աշխատանքի ընթացքում:
Զոհրե Ղայենին անդրադարձել է նաև անհատական խնդիրների կամ ճգնաժամային իրավիճակներում գրքաբուժության մեթոդի արդյունավետությանը, ներկայացնելով այն մեթոդները, մոտեցումներն ու գրական ստեղծագործությունները, որոնց հերոսները տարբեր իրավիճակներում ուղիներ են գտել հաղթահարելու դժվարություններն ու խնդիրները:
Զոհրե Ղայենին ներկայացրել է գրականության այն ցանկերը, որոնք նպաստում են ընթերցանության խթանմանը, երեխաների ինքնաճանաչողության, ինքնարտահայտման դրսևորումներին: Ըստ դասընթացավարի՝ երեխաների հետ աշխատանքի ընթացքում այս նորարարական մեթոդների կիրառումը կարող է օգնել հաղթահարելու հուզական խնդիրները, վեր հանելու ապրումակցելու և կարեկցելու ունակությունները վաղ տարիքից:
«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի ավարտին՝ ծրագրի մասնակից գրադարանավարներին ու մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչներին տրվել են միջազգային որակավորման վկայականներ:
Վկայականները հանձնել են IBBY Արմենիա ՀԿ-ի, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը և Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ, «IBBY Asahi reading promotion award» մրցանակակիր Զոհրե Ղայենին:
Նշենք, որ դասընթացն իրականացվել է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: