Մայիսի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում «Կախարդական սփռոց» խորագրի ներքո ներկայացվել է արաբական և սիրիական խոհանոցը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը, մանկավարժներն ու աշակերտները:
Գրադարանի «Արաբական անկյունում» սիրիահայ խոհարար Քնար Ղազարյանը ներկաների համար պատրաստել է արևելյան խոհանոցի հայտնի՝ քիլիս իչի և մուշաբբաք ուտեստները, որոնցից առաջինի բաղադրատոմսի սկզբնաղբյուրը համարվում է Արևմտյան Հայաստանը, երկրորդը’ արաբական քաղցրավենիք է: Ուտեստների պատրաստմանը զուգահեռ Քնար Ղազարյանը խոսել է արաբական, սիրիական և հայկական խոհանոցների համային առանձնահատկությունների, համեմունքների, նմանությունների և տարբերությունների, միմյանցից կատարված փոխառությունների մասին:
Համտեսից հետո միջոցառման մասնակիցները ներկայացրել են իրենց սիրելի ճաշատեսակները, կիսվել՝ արևելյան խոհանոցից իրենց հայտնի ուտեստների մասին տեղեկություններով:
Ընդգծելով Հայաստանում արաբերենի ուսուցման և արաբերեն գրքերի հանրայնացման կարևորության մասին՝ գրադարանի «Արաբական անկյան» աշխատակիցները ներկայացրել են սրահի աշխատանքներն ու ցուցադրված գրքերը:
Դպրոցականները պատրաստակամություն են հայտնել դառնալու սրահի ընթերցող՝ հաշվի առնելով իրենց դպրոցում արաբերենի ուսուցման առկայությունը: