
Նոյեմբերի 8-15-ը Հայաստանում ամենամյա դարձած մեդիագրագիտության շաբաթ է, որն այս տարի կրում է «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագիրը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից իրականացվող այս ծրագրին մասնակցում է նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։
Ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակից Գայանե Կարապետյանը գրադարանավարների հետ հանդիպման ընթացքում խոսել է տեղեկատվական դաշտում հեշտությամբ կողմնորոշվելու եղանակների, քննադատական մտածողությունը զարգացնելու կարևորության մասին։
Ապա գրադարանավարների հետ հանդիպել է լրագրող Նելլի Ռաֆայելյանը, ով կիսվել է իր մասնագիտական փորձառությամբ, պատմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կատարած այն աշխատանքի մասին, որը միտված է մեդիագրագիտության տարածմանը, զարգացմանը։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները բանախոսի հետ քննարկել են տարբեր մեդիածուղակների օրինակներ, խոսել կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։
Հետաքրքիր և կարևոր հանդիպումը մասնակիցներն ավարտել են հարց ու պատասխանով։





