2023թ. փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդեսը կտևի երեք օր: Փակման միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որը նաև Հ. Թումանյանի ծննդյան օրն է:
Եռօրյա միջոցառումների շրջանակում գրադարանում նախատեսվում է անցկացնել գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, քուիզներ, վիկտորինաներ, վարպետաց դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի դիտումներ ու երաժշտական ունկնդրումներ:
Արդեն երկրորդ անգամ գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-ին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին գրքեր կնվիրեն:
«Հեքիաթի դեսպան մայրերը» խորագրի ներքո գրադարանի փոքրիկ հյուրերի համար հեքիաթ կընթերցի բլոգեր, երգչուհի Մարիաննա Վարդանյանը: Տոնավաճառի օրերին այցելուները հնարավորություն կունենան նաև համալրել իրենց անձնական գրադարանները հրատարակչություններից ձեռքբերված զեղչված գրքերով:
Տոնավաճառի փակման օրը տեղի կունենա գրադարանի արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանականեր կհանձնվեն 2022թ. լավագույն ընթերցողներին: