
Փետրվարի 21-ին գրադարանում Ձորաղբյուրի Վ.Կարապետյանի անվան դպրոցի սաների մասնակցությամբ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված դաս-պարապունք անցկացվեց: Միջոցառման ընթացքում երեխաները տեղեկացան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր հռչակելու նախաձեռնության մասին, ներկայացվեցին աշխարհում անհետացող լեզուների ու ամենագործածական լեզուների վերաբերյալ տեղեկություններ: Երեխաները ծանոթացան հայերեն լեզվի զարգացման փուլերի՝ նախագրային շրջանի ու գրերի ստեղծման, հայերեն լեզվի տարատեսակների գործածության ու հայոց լեզվի՝ գրականության լեզու դառնալու մասին:
Դպրոցականները մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ ու ասույթներ ներկայացրեցին, այնուհետ բաժանվելով երկու խմբի՝ բառակազմության, ուղղագրության, խոսքի մասերի, հոմանիշ-հականիշների ու դերբայական դարձվածքների վերաբերյալ առաջադրանքներ կատարեցին: Որպես խրախուսանք խմբերը նվեր ստացան առակների ժողովածու ու Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխան» գիրքը: