
Գիրք նվիրելու օրվա շրջանակում՝ փետրվարի 19-ին և 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ, տոնական օրերը հագեցած են եղել մշակութային, գեղեցիկ իրադարձություններով։
Գրադարանի ճեմասրահում տեղի են ունեցել գրքային, նկարչական ցուցահանդեսներ, սրահներում՝ Հովհ. Թումանյանի պատմվածքների բարձրաձայն ընթերցումներ, հանդիպում-քննարկումներ գրողների, գրական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հեքիաթի սրահում փոքրիկ ընթերցողները դիտել են տիկնիկային ներկայացում և մասնակցել «Թումանյանը երաժշտության մեջ» խաղ-վիկտորինային։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը պարգևատրել է տարվա լավագույն ընթերցողներին: Այնուհետև, գրադարանի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաներն այցել են Հայաստանի պատմության թանգարան և դիտել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը:
Ավանդույթի համաձայն գրադարանի աշխատակիցներն այս տարի ևս այցելել են «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն և գրքեր նվիրել նորածիններին։
Այս օրերին գրադարանը համալրվել է նաև նոր գրքերով. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը գրադարանին նվիրել է 33 միավոր գիրք։
Հատկանշական է, որ Գրքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում առանցքային նշանակություն ունի գրադարանային ոլորտի զարգացմանը միտված համաժողովը: Հայկական գրադարանային ասոցիացիան և Լատվիայի ազգային գրադարանը համատեղ անցկացրել են «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» խորագրով համաժողովը: Երկու երկրների գրադարանային ոլորտի մասնագետները ներկայացրել են ընթերցանության խթանմանն ուղղված իրենց փորձը, նորարարական ծրագրերը, ոլորտի արդի զարգացումները։