Եվրոպական ժառանգության օրերը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

14.09.2026

Սեպտեմբերի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը միացավ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, որն այս տարի կրում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագիրը։

Օրվա շրջանակում գրադարանում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։

«Ճամփորդություն Գերմանիա՝ առանց անձնագրի» խորագրով հանդիպման ընթացքում օտարալեզու գրականության բաժնի ընթերցողները գերմաներենով ծանոթացան Գերմանիայի պատմությանը, պետական խորհրդանիշներին, տեսարժան վայրերին և գերմանացիների կատարած կարևոր հայտնագործություններին։ Ներկայացվեցին նաև Գերմանիայի մշակութային բազմազանությունն ու գրականությունը։ Իրենց «գրքային ճանապարհորդության» ընթացքում մասնակիցները բացահայտեցին Գերմանիան՝ իր պատմությամբ, մշակույթով և հմայքով։

Ամենափոքրիկ ընթերցողների համար կազմակերպվեց տիկնիկային ներկայացում՝ իսպանական ժողովրդական հեքիաթի հիման վրա՝ «Կատակասեր Պեդրոն»։ Խորամանկ ու հնարամիտ Պեդրոյի արկածները երեխաների համար իսկական տոն դարձան։ Նրանք մեծ ոգևորությամբ հետևեցին ներկայացմանը և բացահայտեցին հեքիաթի գլխավոր հերոսի զվարճալի ու ուսուցողական պատմությունը։

Նախադպրոցական և 1–4-րդ դասարանների սպասարկման սրահում անցկացվեց Յան Բիրքի «Ցարան և Գզուզը․ Քառաթաթ պոնին» ստեղծագործության բարձրաձայն ընթերցում և քննարկում։ Երեխաները ծանոթացան ստեղծագործության հերոսներին, լսեցին պատմությունը, պատասխանեցին հարցերին, մասնակցեցին քննարկմանը և կիսվեցին իրենց տպավորություններով։

Օրվա թեմային համահունչ կազմակերպվեց նաև «Հայաստանի բնակլիմայական ռիսկերը․ ճանաչենք, կանխենք, պաշտպանենք» խորագրով գրքային ցուցահանդեսը, որի միջոցով այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու բնապահպանական և բնակլիմայական խնդիրներին վերաբերող գրականությանը։

Իսկ գրադարանի երաժշտության ունկնդրման ենթաբաժնում տեղի ունեցավ դասական երաժշտության ժամ՝ նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 270-ամյակին։ Այցելուները նախ ծանոթացան աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական ուղուն, ապա ունկնդրեցին նրա ստեղծագործությունները։

Միջոցառումների բազմազան ծրագիրը հնարավորություն տվեց տարբեր տարիքային խմբերի ընթերցողներին գրքի, երաժշտության, թատրոնի և մշակույթի միջոցով բացահայտել եվրոպական ժառանգությունը՝ միաժամանակ անդրադառնալով մեր ժամանակների կարևորագույն մարտահրավերներից մեկին՝ բնակլիմայական ռիսկերին։

Կարդացեք Նաև

Բացահայտեք Ձեր հաջորդ գիրքը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ն/դ-4-րդ, 5-8-րդ, 9-12-րդ դասարանների սպասարկման և ընթերցանությունը կազմակերպողների սրահները խորհուրդ են տալիս կարդալ այս գրքերը

book title

Նունե Սարգսյան- Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս

book title

Քրիստինե Նյոստլինգեր- Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան

book title

Լևոն Նես — Բալզակ. մի շան պատմություն

book title

Սոսուկե Նացուկավա — Կատուն, որը փրկեց գրքերը

book title

Ջոջո Մոյես — Աստղեր նվիրողը

book title

Աշոտ Աղաբաբյան — Նմանակը

Ստուգել գրքի առկայությունը գրադարանում

Ստուգել