
Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը։
Շաբաթվա ընթացքում գրադարանի տարբեր սրահներում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, իսկ ապրիլի 4-ին շաբաթն ամփոփվել է մանկագիրների հետ հանդիպումով։
Գրադարանի ընթերցասերների հետ հանդիպման էին եկել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ Նարինե Ավագյանը, Տիգրան Նիկողոսյանը, Օլգա Դարյանը, Անահիտ Արփենը, Սաթենիկ Ղազարյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը։ Նրանք իրենց ողջույնի խոսքն են հղել ընթերցասերներին, ապա գրադարանին նվիրել իրենց գրքերից։
Ցերեկույթին երաժշտական կատարմամբ հանդես են եկել Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի աշակերտները, իսկ գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրել են ժամանակակից գրողների և տավա հոբելյարների ստեղծագործությունները։