
Հոկտեմբերի 9-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Տարվա հոբելյար» խորագրի շրջանակում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին։
Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ուղուն, նրա երաժշտական ժառանգությանը և հայտնի ստեղծագործություններին։
Երաժշտական կատարումներով հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ ներկայացնելով կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Այնուհետև երեխաները դիտեցին Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին տեսանյութ՝ ավելի մանրամասն ծանոթանալով նրա երաժշտական ժառանգությանը և Սպենդիարյանին՝ որպես արվեստագետ։
Միջոցառմանը հյուրընկալվել էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցները։ Թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսա Խաչատրյանը երեխաներին ներկայացրեց կոմպոզիտորի մտահղացմամբ ստեղծված յուրօրինակ երաժշտական գործիքը՝ սպենդիարոֆոնը։ Նա իր հետ բերել էր նաև գործիքի կրկնօրինակը, և երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու այն և փորձեցին նվագել։
Տուն-թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանն էլ ներկայացրեց «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը՝ սահիկաշարի միջոցով ցուցադրելով տարբեր տարիներին օպերայի բեմադրության նկարները և տարբեր տարիների ներկայացումների ազդագրերը։
Այցի շրջանակում թանգարանի աշխատակիցները գրադարանի ճեմասրահում՝ Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված ցուցափեղկի մոտ, երեխաների հետ զրուցեցին նաև կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններով՝ իրականացնելով ճանաչողական կրթական ծրագիր։





