Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ տոնական ցերեկույթ՝ նվիրված գրադարանավարի օրվան։
«Ժամանակիդ շունչը դարձիր» կարգախոսով անցկացված միջոցառումը նպատակ ուներ ընդգծել մերօրյա գրադարանավարների աշխատանքի կարևորությունն ու դերը սերունդներին ճիշտ կրթելու ու դաստիարակելու գործում։
Գրադարանի ակտիվ ընթերցողներն ու երիտասարդ գրադարանավարներն իրենց ավագ գործընկերների համար նախապատրաստել էին չարենցյան երաժշտական կատարումներ ու ընթերցումներ։ Մեջբերելով մեծ գրողի գործերում տեղ գտած մտքերը կրթվածության կարևորության մասին՝ ընդգծվեց գրադարանավարների՝ գիտելիքի փարոսի դերը ստանձնելու առաքելությունը։
Շնորհավորելով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարներին՝ կրտսեր գործընկերները հույս հայտնեցին, որ այսուհետ նման միջոցառումները կանցնեն ավելի ուրախ ու երկրի համար խաղաղ ժամանակներում։