Գրադարանի գործունեությունը

   Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իրականացնում է գրադարանագիտական, տեղեկատու-մատենագիտական, մեթոդական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն: Հիմնադրվել է 1933թ.-ին: 1935թ.-ից կրում է մանկագիր Խնկո Ապոր անունը: 1962թ.-ից, ստանալով հանրապետականի կարգավիճակ,   դարձել է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը: 1980թ.-ից գործում է գրադարանի համար նախագծված նոր շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)՝ Տերյան 42/1 հասցեում: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվել է որպես ազգային մանկական գրադարան:
Ավելի քան 80 տարի գրադարանը ՀՀ-ում ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում և գործում հիմնական գործառույթներին համապատասխան: Որպես ազգային նշանակության գիտական գրադարան՝ նպաստում է հանրապետությունում գրադարանային գործի զարգացմանը, գրադարանագիտության առաջընթացին, մշտապես կատարելագործում է աշխատանքային մեթոդները՝ ձգտելով համապատասխանել միջազգային չափանիշներին: Կազմակերպում է գիտագործնական խորհրդակցություններ, սեմինարներ, որակավորման դասընթացներ, գիտաժողովներ: Որպես մանկապատանեկան գրքի ազգային պահոց՝ հավաքում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում հայատառ տպագիր արտադրանքի առավել լիակատար հավաքածու:
Ընթերցանությունն իրականացվում է սպասարկման սրահների (ըստ տարիքային և բաժնային շերտավորման) և գիտական բաժինների միջոցով: Առ 01.01.2017թ.  հավաքածուն կազմում է 528890 պահպանության միավոր՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ (հայերեն, ռուսերեն և 58 օտար լեզվով): Սպասարկում է 3-18 տարեկան օգտվողների՝ մանուկների, պատանիների, ուսանողների, մանկապատանեկան գրականության ընթերցանությունը կազմակերպողների (գրադարանավար, մանկավարժ) և ծնողների: Սպասարկումն իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային խմբերի շերտավորված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով: Ընթերցասրահը՝ 100 ընթերցողական տեղով, սպասարկում է տարբեր տարիքային խմբերի: Այստեղ կարելի է օգտվել օրվա մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հարուստ հավաքածուից, արվեստի և գիտության բազմաճյուղ գրականությունից, ամսագրերից, ալբոմներից: Ձայնադարանում խմբային կամ անհատական եղանակով կարելի է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն: Փոքրիկ ընթերցողներին հյուրընկալում է հեքիաթի սրահը: Գործում են խմբակներ և ստուդիաներ՝ նկարչական ստուդիան, «Արփի» ասմունքի և թատերական, ճապոնական օրիգամիի խմբակները... «Փաթիլ» տիկնիկային թատրոնը:
Գրադարանային հավաքածուից տարվա ընթացքում օգտվում է շուրջ 19.000 ընթերցող, սպասարկվում է մոտ 500.000 միավոր գրականություն: 1963թ.-ից գրադարանն իրականացնում է հրատարակչական աշխատանքներ. հրատարակվել է բազմաբովանդակ մասնագիտական գրականություն՝ մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» օրացույցը, ալբոմներ, ամսագրեր: 1991թ.-ին գրադարանի համակարգչային բաժինը հանրապետությունում առաջինն է կազմակերպել համակարգչային գրագիտության դասընթացներ: 2004թ.-ից միացել է Հայաստանի գրադարանային միացյալ ավտոմատացման ցանցի ձևավորման աշխատանքներին. «Aleph» ծրագրով կատարվում է հայատառ և ռուսատառ գրականության մուտքագրում, իսկ 2014թ. ստեղծված էլեկտրոնային տվյալների շտեմարանը կիրառվում է ընթերցողների սպասարկումն  արդյունավետ կազմակերպելու նպատակով: Գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի սպասարկման բաժնում իրականացվում է տեղեկությունների որոնում համացանցի ռեսուրսներում և խորհրդատվություն: 2000թ.-ից հանդիսանում է IEARN միջազգային հեռահաղորդակցական կրթամշակութային ծրագրի կոորդինատորը Հայաստանում, և այդ, ինչպես նաև երեխաների քաղաքացիական դաստիարակության միջազգային DEEP ծրագրի շրջանակում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սեմինարներ, գիտաժողովներ, էլեկտրոնային ֆորումներ, հանդիպումներ մանկավարժների և աշակերտների հետ:
Կազմակերպվում են բազմաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, տեսություններ, պոեզիայի ժամեր, մրցույթներ, վիկտորինաներ, խոշոր հանդիսություններ և տոնակատարություններ, գրքի տոնավաճառներ, «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը: Ավանդաբար նշվում են Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, Ազգային գրադարանային շաբաթը, Գրադարանավարի օրը, Մանկական գրքի միջազգային օրը, Գիտելիքի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում են օտարալեզու գրականության և մշակույթի տասնօրյակներ, միամսյակներ: 2006թ.-ից գրադարանում գործում է «Իրանական ընթերցասրահ»-ը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: 1997-2011թթ. Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանում գործել է «Գերմանական ընթերցասրահ»-ը՝ գերմանալեզու հարուստ հավաքածուով: 1991թ.-ից գրադարանը համագործակցում է ԱՄՆ կոնգրեսի, Իրանի ազգային, Ռուսաստանի մանկական, Լեհաստանի ազգային, Շտուտգարդի քաղաքային, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Բելառուսի ազգային գրադարանների, Կրասնոդարի մարզի պատանեկան և այլ գրադարանների հետ, իրականացնում է գրքափոխանակություն: Համագործակցում է ՀՀ-ում գործող դեսպանատների, բազմաթիվ տեղական և միջազգային մանկապատանեկան կազմակերպությունների և գրադարանների հետ, իրականացնում միասնական ծրագրեր: Սերտ կապեր ունի սփյուռքի մտավորականության հետ: Գրադարանն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին (IBBY), Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային (IAML), Գրադարանների միջազգային ասոցիացիային (IFLA). պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:


Գրադարանի հասցեն


Երևան 0001, Տերյան 42/1
հեռ.` +37410 521222, ֆաքս` +37410 520852 
էլ.փոստ՝ gradaran@childlib.am 
վեբ կայք՝ www.natchildlib.org
Գրադարանն աշխատում է ամեն օր՝ 10.00-17.00-ը, հանգստյան օրը` կիրակի:
Հետեւեք մեզ Facebook-ում